Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Տես, Չիչիլ, նոր դերասանուհի մը... կը նախանձի՞ս...

ՉԻՉԻԼ.— Աստված չընե. ինձ համար ավելի աղեկ. բեռնավորված դերերես բավական կը թեթևնամ...

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— ճշմարիտն ըսելով` մուրացիկ կնոջ մը դեր կատարելու շատ հարմար պիտի գա, վասնզի լալկան աչեր ունի։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Շատ կը սխալիք, ժաք, լավ սիրուհի մը կըլլա, այնպես չէ՞, Չիչիլ:

ՉԻՉԻԼ.— Գուցե։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Ոչ, հակառակորդի դեր աղեկ պիտի հարմարի իրեն, վասնզի աչքերը խոշոր են։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Բայց գեղեցիկ։

ՉԻՉԻԼ.— Սակայն դեղնած և նիհար է։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Աղքատության մեջ տառապելուն նշան է այն։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Գրավ կը դնեմ որ լավ հակառակորդ մը կըլլա։

ՉԻՉԻԼ.— Կարծեմ իմ անձնականիս նկատմամբ է այդ խոսքը, Ժաք, որ միշտ կը կրկնես։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.- Ամենևին, Չիչիլ։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Իր վեհանձն շարժվածքն է որ այդպես կարծել կուտա քեզ, Ժաք, բայց իր անուշ նայվածքն ո՜ւր թողունք որ բնավ հակառակորդի չը հարմարիր:

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Բայց միթե սիրահար մը խաբելու պետք չըլլա՞ր:

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Ատոր համար օձի նայվածք պետք է: