Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԻԱՄ.— Սիրելի՛ ամուսինս, դու չը գիտե՞ս թե սերը որչափ ազդեցություն ունի 17 տարեկան երիտասարդի մը սրտին վրա, յորում դեռ նոր կը փթթին սիրո առաջին

ծաղիկները և որուն առջև շատ անգամ կը նվազի հայրական սերը, այսուամենայնիվ շատ անգամ հոր մը կաթիլ մը արտասուքը կարող է մարել այն սերը... համբերե, անշուշտ կը գտնենք զինքը և տնակնիս կը դառնանք խաղաղ կյանք վարելու համար. (մեկուսի) իսկ
իմ որդիս Գեղամս... Առանց անոր ես չի պիտի կարենամ երջանիկ ըլլալ։
ՊԱՐԵՏ.— Այո՛, համբերեմ... Բայց եթե չը գտնենք երբեք զինքը, ի՞նչ պիտի ընեմ ես... Ո՜հ, արդյոք հուսահատութենեն ինքզինքն սպաննե՞ց... Սոսկալի կասկած...
Արդյոք ո՞ր գետը քշեց տարավ իր ցուրտ դիակը, որ վայրն արդյոք իր արյամբը կարմրեցավ. Վա՜րդ, Վա՜րդ, արդյոք մահվան շունչը խամրեցրո՞ւց զքեզ, ինչպես ձմռան հողմը վարդը կը խամրեցնե...Ո՜հ, մեկը չի գար ծերունի հոր մը ավետելու թե «Քու որդիդ կենդանի է և պիտի գտնես զինքը...» Կարծես թե բնությունը հուշիկ մնջիկ որդվույս վրա կը սգա... (ձախ կողմեն նայելով) ի՞նչ կը տեսնես... Ահա մեկը անտառին խորը կը թափառի... արդյոք Վա՞րդս է... Ո՜հ, ի՜նչ ուրախություն, եթե ինքն ըլլա (կերթա):
ՄԱՐԻԱՄ.— Գնա՛, գնա՛, կարելի է որ ինքն ըլլա։