Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բ.Տետրակին վերնագիրն է. «Վարդ և Շուշան. Թատրերգություն երգախառն ՚ի չորս արարվածս. գրեց Պ. Ա. Դուրյան. Սկյուտար, 1867։ Կը թվի թե այս տետրակին միայն առաջին էջը (անվանաթերթը) և երկրորդ էջը («Անձինք») Դուրյանի ձեռքով գրած են։ Թատրերգությունը ուրիշի մը կողմե ընդօրինակություն է։ Մանավանդ որ, մյուսներեն տարբեր՝ այս մեկը չունի բանաստեղծին ստորագրությունը վերջավորության» (Տ, էջ է—Ը)։

Երկրորդ տետրակի վերաբերյալ ենթադրությունը ընդունելի է, քանի որ Ա. Լուսինյանին Դուրյանի գրած 1871-ի սեպտեմբերի 30-ի նամակից հետևում է, որ Վարդ և «Շուշանի» մի «խաղատետր» է եղել։ Ընդօրինակողն, անկասկած, Բ.էքսերճյանն է, որովհետև 1893-ի ժողովածուում է, որ բաց է թողնվել թատրերգության խորագրի երկրորդ՝ «Կամ Հովիվք Մասլաց» մասը։

Հիշված նամակում Դուրյանն ընկերոջր գրել է. «Ինե մեկ քանի թատերախաղերս կուզեք, բայց ես միայն նոցա ծրագիրներն ունիմ, որոնք անընթեռնելի ըլլալե զատ՝ թղթի կտորվանքներու վրա գրված են։ Մաքուր ըլլալով «Վարդ և Շուշան» անուն սիրային թատրերգության խաղատետրն ունիմ քովս։ Ասի տասն և հինգ տարեկան հասակի սիրո և հանճարի հանդուգն փթթում է. եթե կը հաճիք, սա Ձեզի կրնամ յուղարկել»։ «Վարդ և Շուշանը» ուղարկվել է Ա. Լուսինյանին թե ոչ, հայտնի չէ։ Բայց Ս. Սիմոնյանի «արձանագրությունից» երևում է, որ գրողն իր թատերախաղը վաճառել է Տ.Գալեմճյանին («Սփյուռք», 1959, թիվ 32, և 1961, թիվ 49—52)։

Ինչպես տեսնում ենք Դուրյանի իսկ վկայությամր «Վարդ և Շուշան»-ը հեղինակվել է 15 տարեկան հասակում, այսինքն 1866-ին, քանի որ ստույգ գիտենք, որ գրողը ծնվել է 1851-ին (տե՛ս «[Կենսագրության]» ծանոթությունը)։ Մյուս կողմից ինչպես թատերախաղի անվանաթերթում, այնպես էլ ՏԹ-ում, գրության թվական է նշված 1867-ը։ Մենք հետևել ենք վերջին աղբյուրներին և գրության թվականը թողել 1867-ը։

Առաջին անգամ տպագրվել է ՏԹ-ում, ապա ՏԹՆԴ-ում և «Երկեր»-ում (1947)։

Տպագրվում է ըստ առաջին հրատարակության։

1893-ի հրատարակությունում Բ. էքսերճյանը գրաքննական նկատառումով