Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ետ դարձած էր նախընթաց կյուրակեները» (1893, 10 հուլիս, թիվ 28, էջ 203)։ Ներկայացումն իրոք տեղի է ունեցել և «Մասիս»-ը գրել է (1893, 17 հուլիս, թիվ 4000, էջ 446).

«Կիրակի օրը Սկյուտարի թատրոնին մեջ տեղի ունեցավ Դուրյանի Թատրոն անուն թատերախաղին ներկայացումը ակնկալված հաջողությամբ, Մնակյան թատերախմբին կողմե։ Ողբացյալ բանաստեղծին համար անոր ջերմեռանդ համակրողներ ամեն կողմե վազած եկած էին` ճաշակելու համար անոր թատերական տաղանդին ալ բուրումնավետ հյութը: Տենդոտ ծափերով իջավ վերջին վարագույրը»։ Բեմադրությանը ընդարձակ հոդված («Դուրյանի «Թատրոն»-ը. կիրակի օրվան ներկայացումը») նվիրեց Լևոն Բաշալյանը («Հայրենիք», 1893, 18 հուլիս, թիվ 515)։ Այս թատերախոսականից իմանում ենք, որ դահլիճը լեփլեցուն է եղել, հանդիսականներ են եկել նաև Նիկոմեդիայից, Պարտիզակից, Հ. Վարդովյանը ներկայացմանը հետևել է արցունքոտ աչքերով։ Լ. Բաշալյանը տեղեկացնում է նաև, որ Մնակյանը «ամբողջ տեսարաններ հապաված էր, տակնուվրա ըրած տեսարաններու կարգը, հետինքն առաջին ըրած և առաջինն հետին, և այս խառնուրդեն հառաջ եկած խճողակը զարմացույց զմեզ, շվարեցուց և ցավով ու տխրությամբ համակեց»։ Լ. Բաշալյանի եզրակացությունն այն է, որ եթե «Թատերախաղին ներկայացումը կատարյալ հուսախաբություն մը եղավ», ապա պատճառը թատերախաղն է, որը «տղայական փորձ մըն է», թերություններն այնքան շատ են, որ «թատերախաղի անունը զլանալ կուտան այդ գրվածքին»։

1) ... նյութը թեպետև ճշմարիտ դեպքեր կը պարունակե — Թատերախաղում ինքնակենսագրական բնույթի մի շարք տեղեկություններ կան։ Մասնավորապես Ե. Դուրյանի խոստովանությամբ «Թատրոն Կամ Թշվառներուն» մեջի էդուարդով ինքզինքը ներկայացնել ուզած է, և թե այս միջադեպը ակնարկող կետ մը կա մեջը» (ԲԵՀ, 1968, № 1, էջ 146)։ Վ. Թերզիբաշյանը ևս ցույց է տվել, որ «էդվարդն ընդհանուր գծեր ունի հեղինակի հետ» («Պետրոս Դուրյան», էջ 55—59)։

2) ... թատերախաղը տեսարանի վրա հանդիսացնելե առաջ տպագրության տալուս ... մասին այնպիսի պատճառներ կան — «Թատրոն Կամ Թշվառներ»-ը բեմադրության չընդունվեց, որովհետև արևմտահայ թատրոնը