Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիմոնյանը ենթադրում է, որ «Տարագիր Ի Սիպերիա»-ն հեղինակված է «Նալբանդյանի մահվան թարմ տպավորության տակ, 1866-ին», Մ. Նալբանդյանի հիշատակին նվիրված միջոցառումների հետ է կապում թատերախաղի ստեղծումը Ս. Բազյանը. «Այդ ամենի տպավորության տակ պետք է, որ Դուրյանը գրած լինի «Տարագիր ի Սիպերիա» նորահայտ դրաման՝ գլխավոր հերոս դարձնելով Նալբանդյանին» (Հ. Սըվանյան, Հրապարակախոսություն, Երևան, 1960, Առաջաբան, էջ 33)։ Ավելի որոշակի է արտահայտվել Գ. Ստեփանյանը։ Նախապես, թատերախաղին նվիրված հոդվածում, նա «Տարագիր ի Սիպերիա»-ն համարել է «գրական առաջին փորձ» («Գրական թերթ», 9 մ արտի, 1962, № 10), իսկ «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» աշխատությունում (Հ. առաջին, Երևան, 1962), դիտել է «ժամանակագրական կարգով» երկրորդ թատերգական ստեղծագործությունը (էջ 405)։ Հիշեցնելով, որ 1867-ի ապրիլի 11-ին Կ. Պոլսում տեղի է ունեցել Մ. Նալբանդյանի հիշատակին նվիրված երկրորդ երեկույթը, բանասերը նկատում է. «Դուրյանը պիեսը պետք է գրած լինի դրանից հետո։ Հնարավոր է, որ դա լինի Դուրյանի դրամատիկական առաջին գործը, հնարավոր է, որ գրված լինի «Վարդ և Շուշան»- ից հետո 1867—68 թթ. թատերաշրջանում» (Նույն տեղը, էջ 408)։

Ս. Սիմոնյանր գրում է. «Այս թատերախաղը ներկայացնելու փորձ եղած է. այդ մասին կա փաստ, վեց դերակատարներու («Անձինք») անուններու առջև մատիտով նշանակված են անունները հետևյալ դերասաններուն. Պետրոս Ադամյան (Միքայել Նալպանտյան), պ. ... Վարդովյան (Հայաստան), պ. ... Պենկլյան (Սիպերիա), պ. ... Վարդան (ժամանակ), պ. Տիգրան ... (Մահ), օր ... (Ազատություն)» («Սփյուռք», 1961, թիվ 49—52)։ Այս անունները «հետո ջնջված են» («Սփյուռք», 1959, թիվ 32)։

«Տարագիր ի Սիպերիա»-ի բեմադրության մասին տեղեկություններ չկան։ Թատերախաղում Սիպերիան (Սիբիր) օգտագործված է որպես բըռնակալության, ցարիզմի խորհրդանիշ։

1) Ազատություն գոչեցի — նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության 5-րդ տան առաջին տողն է։ «Ազատություն»-ը առաջին անգամ լույս է տեսել Կ. Պոլսի «Մեղու» թերթում, 1860-ին։