Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցավը կրկնապատկեցավ․ վերջապես Նախանամության օգնությամբն այս քարայրին բերանը գտա երեկ․ ականջ դրի, լսեցի խորունկեն Սուրմակա և քու ձայնդ, ուրախությամբ քարայրես հեռու՝ մացառներու մեջ պահվեցա՝21 սպասելով որ Սուրմակա քարայրեն ելած ատեն ներս մտնեմ, բայց չելավ․․․ Գիշերը հոն անցուցի, արշալուսույն կանուխ ելա և աչալուրջ հսկեցի, տեսա որ Սուրմակ դուրս կելներ, ուզեցի վրան հարձակիլ․ բայց նշմարելով որ զինյալ էր, չը համարձակեցա, վախնալով որ երկրորդ անգամուն գուցե սպաննվեի22 և զքեզ չը կարենայի ազատել․ ուստի թող տվի որ բավական հեռանա, շատ դժվարությամբ հոս մտա և ահա քու քովդ եմ․․․ Բայց ինչո՞ւ չես աճապարեր, երթա՛նք, բայց այս ի՞նչ խոնավություն է... Այս ի՞նչ դաշույն է․․․ (սոսկման ճիչ մը կարձակե) Աստվա՜ծ իմ... կը զարհուրեցնես զիս Շուշա՛ն․․․ հեծկլտա՜նք, ո՜հ, ըսե, ի՞նչ կա, ի՞նչ եղար․․․ Կը խենթենամ․․․ Կը սարսափիմ․․․ Ա՜հ, արյուն կը վազե սրտեդ․․․ ի՞նչ ըրիր, Շուշան, օգնությո՜ւն, օգնությո՜ւն․․․։

ՇՈՒՇԱՆ․— Ամեն ճիգ ընդունա՜յն է, Վա՛րդ, հարվածը սրտիս վրա է․․․
ՎԱՐԴ․— Ա՜հ, գոնե այդ դաշույնը տուր, որ ես ալ քեզի հետ մեռնիմ...
ՇՈՒՇԱՆ․— Ո՛չ, ո՛չ, դու պիտի ապրի՜ս․․․
ՎԱՐԴ․— Եվ ինչո՞ւ համար․․․
ՇՈՒՇԱՆ․— Վրեժս լուծելու համա՜ր․․․
ՎԱՐԴ․— Միթե Սուրմակ․․․ այն23 հրեշը․․․