Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՈՒՇԱՆ.— Ես պիտի աղոթեմ հանապազ Ամենակալին աթոռին առջև ծունր դրած, որ զքեզ շուտով իմ գիրկս դարձնե, միշտ պիտի երազիդ մեջ գամ զքեզ մխիթարելու, և դրախտին ծաղիկներովը արցունքդ սրբելով՝ այն արտասվաթորմ փունջն Ամենակալին պիտի ներկայացնեմ...

ՎԱՐԴ.— Բայց այն քաղցրիկ երազոցդ արթնությունը խիստ դառն պիտի ըլլա ինձ. ուրեմն ես ալ միշտ ննջեմ, որ անդադար զքեզ երազեմ...
ՇՈՒՇԱՆ.— Ի՞նչպես պիտի զատվիմ քեզնե27, Վա՛րդ, ահավասիկ կենացս հետին վայրկյանը կը մոտենա. այս արյունոտ և բաբախուն սիրտը վերջին անգամ սեղմե՜ կուրծքիդ վրա, վասնզի քիչ ատենեն պիտի սառի նա, մոտեցուր ճակատդ շրթանցս, որոնք քիչ ատենեն պիտի թառամին... Վերջին համբույր մը, սիրելի Վարդս․ վայրկյան մը անգամ զիս մտքեդ մի՛ հաներ, եթե ոչ այն վայրկյանը ինձ համար տխրության գիշեր մը պիտի ըլլա, միշտ քու գիրկդ երևակայե զիս, շրթունք շրթունքի, աչք աչքի, ինչպես երբեմն կը ննջեինք միատեղ... մի՛ թողուր զիս... Վա՛րդ, դեռ գրկե զիս... Մնա՜ս բարյավ... (կե մեռնի):
ՎԱՐԴ.— Ա՜հ... Մեռա՞ր, Շուշա՛ն... վերջապե՜ս թառամեցար, ո՜վ սիրուն ծաղիկ... աչքերդ գոցեցիր հավիտյան․․․ Ո՜հ, վերջին անգամ մ՚ալ բա՛ց աչքդ, վերջին անգամ մ՚ալ28 տեսնեմ դեմքդ քու սևորակ աչքերուդ մեջ... Իզո՜ւր կաղաղակեմ. այսուհետև չը կա այն նազելի Շուշանը, այլ անզգա և ցուրտ դիակ մը, որուն շրթանց համբույրները մահը ջնջեց պաղ ձեռոք... Կը հուսահատեցնես