Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չը պիտի համարձակեր իրենց երկրին մեջ ոտք կոխելու անգամ և այն երկիրն ավերել մտաբերելու։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.— Ի՛շխան, հիմա Հայությունը ողբալու ժամանակ չէ, այլ ազատելու. գիտցի՛ր, որ գոռոզ սնափառության մը կը զոհես Սեբաստիո մեջ ապաստանած Հայության մեկ մասը... Մտածե՛... Դու ծերունի մ’ես և մեկ ոտքդ արդեն գերեզման իջած Է, իսկ անգին անթիվ Հայեր կան, զորս դու անխոհեմությամբ կորստյան վհի մը եզրը կը թողուս։
ՆՈՐԱՅՐ.— Ո՜վ պատգամավոր, այն չափ տգետ չէ Նորայր, որ իր ազգը մատնե՛ վստահելով Լանկթիմուրի մը երդմանը, որ ո՛չ խիղճ ունի և ո՛չ ալ գութ... Գնա՛ ըսե՛ ինքնակալիդ, որ Սեբաստիա պատրաստ է իր ծարավը հագեցնելու... Եթե այդչափ հզոր է ինքը, ի՞նչ փառք կակընկալե Սեբաստիան կործանելով։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.— Հարկ է որ տկարը խոնարհի հզորին։
ՆՈՐԱՅՐ.— Եվ վատ է այն, որ սուր ունի և ինքզինքը չը պաշտպաներ փառասերի մը անիրավ պահանջմանց դեմ, չը մեռնիր անարգ գերի ըլլալու համար։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.— Բայց գիտցիր որ եթե աշխարհակալ Լանկթիմուր իր ոտքերը Սեբաստիո հողույն վրա դնե քար քարի վրա չի պիտի թողու։
ՆՈՐԱՅՐ.— Այլ ավերակները սևի տեղ կարմիրով կը ներկվին։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.— Հայկական շունչ մ’անգամ չի պիտի թողու։
ՆՈՐԱՅՐ.— Իսկ Հայոց դիակները չեն կարմրիր։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.— Քանի որ մեռնիլ կը փափագիք, ապերախտ