Jump to content

Էջ:Raffi, Colleced works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սովորությունների անթիվ տարբերություններ, որոնց հետազոտելը չափազանց դժվարին է։ Ընտանիքի նահապետական կազմակերպությունը քայքայված է։ Ոչինչ ավելի վնասակար չէ կարող լինել, քան թե այն, երբ հանկարծ քանդվում են դարերով հաստատված և կյանքի մեջ մտած սովորությունները, և առանց փոխարինվելու նոր և ավելի բարոյական հիմունքներով, նրանց տեղը դրվում է կատարյալ համարձակություն։ —Այդ կրիզիսի մեջն է գտնվում Թիֆլիսի հայ կնոջ վիճակը։ Ընտանիքի փակված շրջանից հանկարծ նրան բաց են թողնում դեպի լայն աշխարհ, առանց նախապես աշխարհի հետ վարվելու պետքերը նրան սովորեցնելու։ Խիստ հեշտ է լինում որսալ այն թռչուններին, որ երկար ժամանակ վանդակի մեջ էին պահվել...

Այդ կարճ, բայց ընդհանուր նկատողությունից հետո ես անցնում եմ դեպի արհեստավորի կինը։

Արհեստավորի կյանքի մեջ նկատվում է երկու տեսակ մրցություն. մեկը, նրա ասիական արհեստի մրցությունը եվրոպականի հետ, մյուսը, նահապետական կյանքի մեջ սնված նրա կնոջ մրցությունը նոր սովորությունների հետ։ Երկուսն էլ, որպես փտած հնոտիք, ընկնելու և անհետանալու վրա են. նորը տիրապետում է։

Արհեստավորներին, մանրավաճառներին, առևտրական գործակատարներին, մանր աստիճանավորներին, և զանազան ատենական տեղերի ստոր ծառայողներին կարելի է զետեղել մի դասակարգության ներքո և կոչել միջին դաս[1]։ Կնոջ դրությունն ամենի մոտ, աննշան տարբերություններով, միևնույն է։ Բայց ես գլխավորապես ի նկատի ունեմ արհեստավորներին և մանրավաճառներին։ Բարքերի մաքրությունը վերաբերական է. կան մաքուրներ և կան անմաքուրներ․ պետք է խոստովանել, որ վերջինների թիվը առավելություն է կազմում. և վատն այն է, որ հետզհետե աճելու վրա է։ Արհեստավորները և մանրավաճառները Թիֆլիսում, իրանց գավառացի համարվեստների նման սեփական տներ չունեն, այստեղ ըստ մեծի մասին բնակվում են վարձով. ամենաբախտավորը

  1. Իսկապես մեր քաղաքներում ժողովրդական դասակարգերը դեռ լավ չեն կազմակերպված, որոշ ձև չեն ստացել։ Ստոր դաս, որի ներկայացուցիչներն են մշակները, և առհասարակ պրոլետարիատը, չունենք, ժողովրդի դասակարգությունը սկսվում է միջին դասից և վերջանում է կարողության տեր բուրժուայով, որի ներկայացուցիչներն են գլխավորապես հարուստ վաճառականները և մասնավորապես մեծ աստիճանավոր ծառայողները — դրանց պետք է կոչել բարձր դաս: Արիստոկրատիա չկա։