Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիմա համոզվո՞ւմ է պ. Հայկունին, որ ս. Աստվածամոր վանքում մինչև այսօր հայոց Պյութեաս քոմուհին ուխտավորների համար գուշակություններ է անում: Բայց մենք ավելին կասենք, որի վրա Րաֆֆին ուշադրություն չէ դարձրել իր Կայծերի» մեջ, մեր մի քանի վանքերում դեռ գոյություն ունեն, եթե ոչ հնդկացոց սպիտակ փղերը և եգիպտացոց ապիսները[1], բայց դրանց նման ուրիշ սրբազան անասուններ: Ահա ինչ է գրում այդ մասին հայր Սրվանձտյանցը.

«Պարսկահայոց սահմանագլուխը, Վասպուրականի գավառը, Բաշգալեին մերձ է ս. Բարդուղեմիոսի վանքը, հոն մշտնջենապես կգտնվի զույգ մը ճերմակ գոմեշ, արու և էդ, որքան ծնեն, որքան մեռնեն, միշտ երկու հատ կմնան, երբ մեկը քանի մը տարի տենդուլ տանջվի, այն գոմեշներեն մազ մը կբերեն իրեն, վրան պահելու լինի, մեկեն կառողջանա[2]»։

Գալով այն հարցին, որ «Կայծերի» տեր Թոդիկը, այդ քահանա-կախարդը երևակայական անձնավորություն չէ, այլ նրա նմանները բազմաթիվ են, այդ մասին մի քանի քաղվածքներ կբերենք հայր Սրվանձտյանցի «Մանանայից»։


«Հըզու քաղաք կոչված տասն քահանա ունին, հորում 80 տուն հայ կա։ Ռընդվան` ինը քահանա, 60 տուն հայ: Ասոնց քահանայք մուրացկանությամբ կապրին գեղեր ու քաղաքներ շրջելով, հասարակ կարդալն անգամ տգետ են, բայց շատերը կախարդություն կնեն» (եր. 114)։


Սասնո և Մոտգանու քահանայից գործն աչ կախարդություն է ըստ մեծի մասին։ Փոխանակ ավետարանի` մեկ֊մեկ Ախտարք[3] ունին ծոցերնին գյուղե գյուղ կշրջեն հիվանդաց թուղթ ընելու, ոմանք ալ աղջկանց սիրտը զինք սիրող երիտասարդին դարձնելու, կամ երիտասարդին սիրտը` զինքը սիրող աղջկան» (եր. 115—116):

«Այս կողմերը ծառապաշտություն և ջրապաշտությունն ընդհանուր է հայոց, քրդաց և եզիտաց մեջ»։— «Այս կարգի բաներ շատ կան, բայց մենք չենք կրնար պատմել» (եր. 117)։

Պատմողը վարդապետ է, զգուշանում է...

  1. Ապիս եգիպտացոց ամենանշանավոր աստվածներից մեկն էր, Օգիրիսի ներկայացուցիչը երկրի վրա, դա մի սև եզն էր և ճակատի վրա պետք է ունենալ սպիտակ քառանկյունի բիծ
  2. «Մանանա» եր. 107-108
  3. «Ախտանք, աստղահմայության կախարդական գիրք է»