Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ ոլորց հետո եթե պ. Հայկունին չհամոզվի, կարծեմ «Կայծերի» ընթերցողները կհամոզվեն, որ Րաֆֆին ամենևին նպատակ չէ ունեցել, որպես ասում է պ. Հայկունին, հայոց վանքի և վանականների վրա «ցեխ քսելու» այլ նա նկարագրելով վանքի մեջ կատարվող հեթանոսական արարողությունները, կամեցել է, որ վանքերը սրբվեն այդ «ցեխերից» և քրիստոնեական տաճարները վայելուց ձև ու կերպարանք ստանան։ Բայց պ. Հայկունին ուրիշ կերպով է հասկանում այդ. ահա նրա խոսքերը․

«Այս կամ այն վանահոր կամ աբեղայի կողմից այսպիսի եղեռնագործություն ամեն տեղ և ամեն ազգի մեջ եղած է և միշտ կարող է լինել։ Բայց թե այդ բանից խրախուսված մի ամբողջ ազգի դարավոր սրբությունները խեղկատակության և եղեռնագործության որջեր շինել — դա պետք է խոստովանեմ, միմիայն «Կայծերի» հեռատես հեղինակը կարող է անել։ Եթե «Կայծերը» մի տեսակ փիլիսոփայական, ուսումնական գրվածք լիներ, ինչ ասել կուզի, որ նրա հեղինակը միանգամայն իրավունք ուներ վանական ամեն տեսակ երևույթ մանրաքննին հետազոտության և խիստ քննադատության առնելով՝ վերջ ի վերջո այս կամ այն եզրակացության հասնել, բայց որովհետև պ. Րաֆֆիի գիրքը որոշ ուղղությամբ և որոշ տենդենցիայի համար գրված է, ուստի ես չեմ հասկանում, ընթերցող, թե հայ «քաղաքական» թերթի «Մշակի» գաղափարների ամենամոլեռանդ քարոզիչը, հայ ազգի համար ի՞նչ շահ և օգուտ է տեսնում, երբ այդ աստիճան գայթակղեցնում և մոլորեցնում է հայ ամբոխին դեպի սրա դարավոր սրբությունները ու սրբավայրերն» և այլն։

Երբ բանը հասնում է կրոնական, եկեղեցական խնդիրներին, պ. Հայկունին իր դատողությունների թելը երկարացնում է, այստեղ նա իր մթնոլորտի մեջն է։

Այդ պարոնը, որպես առհասարակ նրա նմանները մի տեսակ արդարանալու ձև ունեն։ Երբ նրանց ասում ես, թե մեր ժողովուրդը այս և այն անբարոյական սովորություններն ունի կամ մեր հոգևորականները այս և այն անկարգություններն են կատարում, նրանք միշտ խոսք են գտնում պատասխանելու ասելով, թե այդ ամեն ազգի մեջ կա։ Լավ, մի թե մենք չի պիտի բողոք ենք մեր մեջ գտնված գողերի, ավազակների, խաբեբաների դեմ, մտածելով թե գողեր, ավազակներ, խաբեբաներ ամեն ազգի մեջ գտնվում են։ Ո՞ր ազգի մտածող և խելացի մարդիկը չեն բողոքում անբարոյականության դեմ։ Մի՞թե խաբեբանության աբեղաների, կախարդ