Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քահանաների վարքի նկարագրությունը ի լույս ածելը նշանակում է մի ամբողջ ազգի դարևոր սրբությունները խեղկատակության առարկա դարձնել: Մի՞թե Բարթուղիմեոս առաքելը վանքի սպիտակ «գոմեշները, Տիրամոր վանքի «ուրուկներն» ու «ընկավորները» և հոգվոց վանքի «դարբնաքարերն» ու «նվիրական աքաղաղը» ազգային սրբություններ են և նրանց դեմ խոսելը կարող է մեղք համարվեր: Ես կարծում եմ, ոչ թե Րաֆֆին, այլ եթե հայաստանեայց եկեղեցու հիմնադիր ս. Գրիգոր Լուսավորիչը, որը անխնա ձեռքով խորտակում էր Հին Հայաստանի կուռքերն ու հեթանոսական հիշատակարանները,— եթե նա ինքը մյուս անգամ աշխարհ գալու լիներ և տեսներ, որ մեր աբեղաները իրենց շահերի համար դեռ պահպանել են այս և այն վանքում կռապաշտական արարողություններ, անտարակույս, բոլորին դուրս կաներ, կրկնելով Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Իմ տունը պետք է աստուծու տուն կոչվի, իսկ դուք արեցիք ավազակների այր»։

Պ. Հայկունին ասում է, եթե «Կայծերը» լիներ մի փիլիսոփայական կամ ուսումնական գրվածք, նրա հեղինակը իրավունք ուներ վանական այս և այն երևույթները խիստ քննադատության ենթարկել, բայց քանի որ նա ոչ փիլիսոփայական և ոչ էլ ուսումնական գրվածք է, նրան ներելի չէ վանքերին կամ վանականներին դիպչել։ Ամեն մի հարցում պ. կրիտիկոսը ցույց է տալիս իր խորին տգիտությունը։ Պարոնը չգիտե, որ ժամանակակից վեպի բարձր նշանակությունը հենց նրանումն է, որ վճռում է այն բոլոր հարցերը, ինչ որ փիլիսոփայությունն ու ուսումը անզոր են լինում վճռելու։ Նրա մեջ քննադատվում են ամեն տեսակ հիմնարկություններ, ամեն տեսակ երևույթներ, ինչ որ ներկայացնում է մեզ կյանքը և մարդկությունը։ Այդ հիմնարկությունների և երևույթների մեջ բացառություն չէ կազմում եկեղեցին իր եկեղեցականներով, վանքը իր վանականներով։ ի՞նչ է «Թափառական հրեան», եթե ոչ եզվիտների խաբեբայության նկարագիրը: Ո՞ր եվրոպական ազգի մեջ չկա մի ամբողջ գրականություն, որ նվիրված չլիներ հոգևարականների վարքի նկարագրություններին։ Իրանց վանքերը և աբեղաները նկարագրում են նրանք ոչ միայն վեպերի մեջ, այլ մինչև անգամ թատրոնական բեմի վրա են դուրս բերում։


Բայց պ. Հայկունու նպատակը ուրիշ է. նա աշխատում է գռգռել հայ ժողովրդի մոլեռանդությունը «Կայծերի» հեղինակի դեմ և նրա գրքին վնասել։ Մի տեղում չկարողանալով զսպել իր կրքերը, պարզ ասում է նա.