Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Գարշելի վարդապետներ։ Ահա, երևի, ինչի համար «Մշակը» և նրա գաղափարների ամենամոլեռանդ քարոզիչ րաֆֆիները այդքան ջերմ եռանդով ու ցանկությամբ հայ եկեղեցու համար ռեֆորմ, վերանորոգություն են պահանջում»։

Մի՞թե վանքը կախարդներից, սրբազան գոմեշներից, նվիրական աքաղաղներից և սուտ մարգարեություններ անող կնիկներից (ընկավորներից) մաքրելը նշանակում է եկեղեցու մեջ վերանորոգություններ կամ ռեֆորմ մտցնել։ Ուրեմն պ. Հայկունին այդ կռապաշտական արարողությունները մեր եկեղեցու էական հիմունքներից մեկն է ընդունում, որ նրանց ոչնչացնելը համարում է եկեղեցու դավանությունները փոփոխել և նրա մեջ վերանորոգություններ մտցնել։ Թող շողոքորթ փարիսեցիները խունկ ծխեն ամեն տեսակ կուռքերի, բայց Հիսուս Քրիստոսի եկեղեցին սուրբ է և պետք է միշտ մաքուր մնա ամեն տեսակ արատներից։

Այժմ դառնանք դեպի պ. Հայկունու այն նկատողությունները, որոնցմով ցույց է տալիս, թե Րաֆֆին «Կայծերի» զանազան տեղերը առել է այս և այն գրվածքից։ Բայց նախքան նրա նկատողությունների վրա խոսելը, պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում գրականական սեփականություն: Այդ մասին ես կբերեմ Սարդուի խոսքերը, որին շատ ժամանակ չէ, որ մեղադրում էին գրականական դողության մեջ։

Խոսելով գրականական սեփականության մասին, ասում է նա.— Այդ հարցի վճռելը շատ դժվար է, թեև նոր չէ։ Ահա երկու հազար տարի է, որ նա հերթի վրա է և հասարակական կարծիքը միշտ քննում է նրան միևնույն կերպով։ Իրավ է, գտնվել են մարդիկ, որոնք ասել են, թե գրականական սեփականությունը գտնվում է միայն այնտեղ, որտեղ կա ստեղծագործություն։ Այդ նշանակում է լուծել հարցը մի նոր անլուծանելի խնդիրով, որովհետև, նախ և առաջ, պետք է լուծել, թե ի՞նչ է ստեղծագործությունը։ Մյուսները ասում էին.— Շատ հասկանալի է, դուք ստեղծում եք մի մեծ աշխատություն, ոչ ոքի խելքին չէ գալիս փոխակերպել նրան, ահա հենց այստեղ է ձեր գրականական սեփականությունը։ Իհարկե, լավ խորհուրդ է, բայց դժվար է կատարելը։ Երրորդները գրում էին.— Գրականական սեփականությո՞ւն։ Բայց դա ամենևին չկա։ Այդ պպ. Վեյսի, Սարսեի և Ֆուկիեի կարծիքն է։ Բայց դա մեր կարծիքը չէ: Ես հաստատ հավատ ունեմ գրականական սեփականության մասին, բայց ես հավատում եմ ճշմարիտ գրականական սեփականությանը։ Գրականական սեփականությունը է այն