Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա իրան նպատակ է դրել ցույց տալ, որ «Կայծերի» մեջ նոր բան չկա։

Օրինակ, «Կայծերի» հերոսները մի կռիվ են ունեցել մի կիրճի մեջ քրդերի հետ (եր. 248—253)։ Ծերենցի հերոսներն ևս մի կռիվ են ունեցել մի կիրճի մեջ արաբացիների հետ։ Պ. Հայկունին աշխատում է հասկացնել, որ Րաֆֆին այդ կռվի նկարագրությունը սովորել է Ծերենցից։ Րաֆֆին ամենևին պետք չուներ Ծերենցից բան սովորելու, քանի որ Ծերենցի գրքի լույս տեսնելուց առաջ մի նույնպիսի կռվի նկարագիր Րաֆֆին պատկերացրել է իր «Ջալալեդդինի» մեջ։ Բացի դրանից, «Դավիթ Բեկի» մեծ մասը զանազան ռազմագիտական և պատերազմական նկարագիրներ են։ Եթե Րաֆֆիին պետք լիներ գաղափար կազմել այս տեսակ կռիվների մասին, ավելի շուտով կուսումնասիրեր հունաց պատմության այն տեղը, ուր Լեոնիդաս մի կիրճի մեջ 300 հոգով ընդդիմացավ պարսից բազմաթիվ զորքերին։ Հարյուրավոր ռոմաններ կարելի է ցույց տալ եվրոպական գրականությունից, որոնց մեջ կան զանազան կռիվների և մենամարտությունների նկարագրություններ։ Բայց այդ ռոմանների կրիտիկոսները շատ ծիծաղելի կլինեին, եթե ասեին, թե հեղինակները գողացել են միմյանցից, քանի որ յուրաքանչյուրը առանձին կերպով է նկարագրում իր հերոսի կռվի հանդեսը։

Մի այլ օրինակ. «Կայծերի» հերոսներից մեկը, Կարոն, մի ճառ է խոսացել (197—201)։ Պ. Հայկունին ասում է, թե Աբովյանի Աղասին, Աղայանցի Հարությունը, Ծերենցի քահանան (՞) և չգիտեմ այլևս ովքեր, նույնպես ճառեր են խոսացել։ Շատ լավ են արել։ Խիստ սակավ ռոմաններ կարող են պատահել, որի մեջ հերոսներից մեկը մի որևիցե ճառ ասած չլինի։ Եթե պ. Հայկունին կամենում է ցույց տալ, որ Կարոյի ճառը Րաֆֆին առել է մի ուրիշ դրվածքից, ավելի լավ կաներ, որ Կարոյի ճառը նույնությամբ արտատպեր և նրա հանդեպ գներ մյուսը, որտեղից վեր է առել Րաֆֆին։ Այն ժամանակ մենք «Կայծերի» հեղինակի վարմունքը կհամարեինք գրականական գողություն։ Բայց քանի որ այդ չէ արել պ. Հայկունին, մենք նրա ասածը կհամարենք բամբասանք և ավելի ոչինչ։

Մի այլ օրինակ ևս։ Այստեղ պ. Հայկունին կատարյալ իդիոտության է հասնում։ «Կայծերի» մեջ Րաֆֆին նկարագրում է մի հայոց տուն (եր. 20)։ Պ. Հայկունին ասում է, թե Պռոշյանցն էլ ունի մի տան նկարագրություն «Հացի խնդրի» մեջ։ Պ. Հայկունին