Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ իր կյանքում մի երկու հայերեն վեպ է կարդացել և ամեն անգամ դիմում է այդ վեպերին, կամ թե շատ է կարդացել, ուրեմն պեաք է նկատած լիներ, որ բոլոր ազգերի գրականության մեջ չէ կարելի ցույց տալ մի վեպ, որի մեջ տան նկարագրություն չլիներ։ Հայտնի բան է, ուր մարդիկ են ապրում, այնտեղ էլ տուն կլինի։

Պ. Հայկունին իր այդ և դրա նման նկատողությունների մեջ փոքր է մնում, որ ասե, թե Րաֆֆին «Կայծերի» ամբողջ գործողությունները առել է ուրիշ վեպերից, որովհետև այստեղ էլ մարդիկ ուտում են, խմում են, խոսում են, պառկում են, այստեղ էլ մարդիկ երկու աչք, երկու ոտ ունեն։ Եվ այդ բոլորը նա համարում է կրիտիկա։

Այժմ դառնանք այն կետերին, որոնցմով պ. Հայկունին «Կայծերի» մեջ անբնական երևույթներ և գործողություններ է ցույց տալիս։

Ֆարհադը և Սաբոն սենյակի մեջ մեկմեկու հետ խոսում են. այդ միջոցին բակից լսելի է լինում շան կընձկընձոցի ձայնը։ Օրիորդը և Ֆարհադը սենյակից դուրս են վազում, որ տեսնեն ինչ է պատահել (եր. 330)։ Պ. Հայկունին այդ անբնական է համարում։

Ֆարհադր հուսահատությունից գիշերը գնում է գետի մոտ, պատրաստվում է գետն ընկնել և խեղդվել։ Այդ միջոցին պատահում է նրան իր 12 տարի առաջ անհայտացած ընկեր՝ Կարոն և թույլ չի տալիս (եր. 85)։ Պ. Հայկունին այդ անբնական է համարում։

Կարոն Ֆարհադին տանում է մի ավերակ մինարեթ։ Գիշերը մութն է։ Այդ միջոցին դուրս է գալիս լուսինը և լուսավորում է նրանց ճանապարհը (եր. 86)։ Պ. Հայկունին այդ անբնական է համարում, երևի, մտածում է, թե Պարսկաստանում լուսին չկա։

Բայց նշանավորն այն է, որ պ. Հայկունին «Կայծերի» մեջ անբնական գործողություններ ցույց տալու համար իր բերած փաստերը աղավաղում է։

«Կայծերի» մեջ (եր. 152) նկարագրված է, թե ինչպես Ֆարհադ մանուկը նստած մերկ, առանց սանձի ձիու վրա, բռնում էր նրա բաշից և արագությամբ պտտեցնում էր, այսինքն՝ ման էր ածում։ Պ. Հայկունին «պտտեցնել» բառը դիտմամբ ուրիշ իմասաով է բացատրում, որպեսզի ցույց տա, որ Ֆարհադի բռնած ձիու թուշից, գնդակի նման իր ձեռքի վրա պտտեցնում էր։ Իհարկե, եթե Ֆարհադ մանուկը Հերքուլես ևս լիներ, դարձյալ այդ շատ անբնական կլիներ ձիուն ձեռքի վրա պտտեցնելը։ Բայց քանի որ նա