Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքը նստած էր ձիու վրա, այլևս ինչպես կարող էր ձեռքի վրա պտտեցնել ձիուն։ Շատ հասկանալի է, որ պտտեցնել բառը ման ածելու մտքով է գրված։

Բացի վերոհիշյալ օրինակից, պ. Հայկունին ուրիշ օրինակներ էլ է բերում, որ ցույց տա, թե Րաֆֆին իր հերոսներին Հերքուլեսի ուժ է տալիս։

«Մըհեի համար մի ահագին քարը մի տաշեղ է», ասում է նա (եր. 354)։ Այդ քարը սովորաբար գիշերները դնում էին որսորդ Ավոյի բակի դռան ետևում, որ դուռը չկարողանան դրսից բաց անել։ Որսորդի աղջիկը, Մարոն, կարողանում էր նույն քարը երկու ձեռքով բարձրացնել։ Ուրեմն այստեղ ի՛նչ անբնական մի բան կա, որ նույն քարը հսկա Մըհեն կարողանար տաշեղի նման շարժել։ Բայց պ. Հայկունին Մարոյի գործողությունը դիտմամբ թաքցնում է, որ Մըհեի գործողությունը չափազանց ցույց տա:

Նույն հսկա Մըհեն իր լախտի մի հարվածով ջախջախեց շան գլուխը և ուղեղը դուրս թափեց (եր, 330)։ Պ. Հայկունին այդ անբնական է գտնում։ Շատ հովիվներ իրանց մահակի մի հարվածով շան գլուխը ջախջախում են։

Նույն հսկա Մըհեն մտնում է որսորդական վիրապը և զսպում է թակարդի մեջ ընկած գազանին (եր, 50)։ Պ. Հայկունին այդ անբնական է համարում։ Ես էլ անբնական կհամարեի, եթե «Կայծերի» մեջ այնպես նկարագրված լիներ, որպես պ. Հայկունին է ցույց տալիս։ Նա գողանում է խեղճ Մըհեից նրա գլխավոր զենքը, ահագին երկաթե մահակը և նրան առանց զենքի թողնում է գազանի հետ կռվելու։ Իհարկե, չէր կարող զսպել նրան։ Բայց Րաֆֆին իր հերոսի ձեռքում զենք էր տվել, այդ զենքը ինչո՞ւ թաքցըրիք, պ. Հայկունի։

Բայց պ. Հայկունու վերոհիշյալ նկատողության մեջ մի ուրիշ շատ հետաքրքիր կետ կա։ Նա ասում է, թե ինքը կարդացել է, որ սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Դանիել մարգարեն իրանց աչքերով էին մագնիսացնում վիրապի օձերին և դուրի առյուծներին և այսպիսով զսպում էին նրանց։

«Մըհեի աչքերումն էլ մագնիսական զորություն չկա՞ր արդյոք»,— հարցնում է նա։ Ես զարմանում եմ, որ այդ տողերը տպվում են հայաստանեայց սուրբ եկեղեցու պաշտպան թերթի մեջ։

Արդյոք այդ եկեղեցու հիմնադիր սուրբ Գրիգոր Լուսավորիչը զո՞ւրկ էր հրաշքներ գործելու զորությունից և միայն մագնիսացնելո՞վ էր զսպում գազաններին։