Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այսպես, իր նկատողությունների մեջ պ. Հայկունին բոլորովին ներելի է համարում իրողությունները սխալ կերպով պատմել, փաստերը հեղաշրջել, բնագիրը աղավաղել, որպեսզի կարողանա իր ցանկացած հետևանքը դուրս բերել։

Ահա մի օրինակ ևս.

«Զումրուտ տատը Կարոյին հայտնում է նրա հոր (ոչ թե հոր, այլ մոր) կտակը, ուխտը։ Բավական երկար և ոգևորված կերպով խոսելուց հետո՝ հիվանդ պառավը վերջապես «հոգին ավանդում է», որ սովորաբար նշանակում է մեռնել, բայց պ. Րաֆֆին այդ բառերը այլ կերպ է հասկացել։ «Հոգին ավանդելուց» հետո Զումրուտ տատը նորից շարունակում է գրեթե մի ամբողջ երես խոսել և հետո վերջապես «մեռնում է»» (եր. 126—128)։

Ես կբերեմ Զումրուտ տատի պատմությունից այն կտորը, որտեղից պ. Հայկունին դուրս է բերել «հոգին ավանդեց» բառերը. որ ցույց տամ, թե մեռնողը ո՞վ է։

«Այն սարսափելի կոտորածի միջոցին (պատմում է Զումրուտ տատը) քո մայրը, Կարո, կուրծքից խենջարով խոցված, մի ձեռքով բռնել էր վերքը, մյուս ձեռքով քեզ հանձներ ինձ ասելով. «Առ, Զումրուտ, եթե աստված կհաջողե ազատել երեխայիս, սովորեցուր նրան վրեժխնդիր լինել»: Այդ խոսքերի հետ նազելի տիկինս ավանդեց հոգին» (եր. 126 —128)։

Հիմա նայեցեք, պարզ երևում է, որ հոգին ավանդողը Զումրուտ տատի «նազելի տիկինն» էր, այսինքն՝ Կարոյի մայրը և ոչ թե ինքը Զումրուտ տատը։ Երկուսից մեկը կամ պ. Հայկունին մի ծխական դպրոցի առաջին դասատան աշակերտի չափ հասկացողություն չունի, որ ըմբռնե իր կարդացածը, կամ այնքան անազնիվ է, որ անբարեմտությամբ աղավաղում է վեպի բնագիրը։ Ես փակված եմ ընդունել վերջինը։ Պարոնին չէ կարելի այն աստիճան անգրագետ համարել, որ նա չհասկանա, թե ո՞վ է մեռնողը կամ ո՞վ է մեռնողի մասին պատմում։ Բայց նա իրան թույլ է տալիս աղավաղել բնագիրը, հույս դնելով իր ընթերցողների միամտության վրա, որ կհավատան նրան և նրանցից ոչ ոք չի բաց անի «Կայծերը» ու համեմատություն չի անի իր ասածի հետ և այսպիսով առժամանակ իր ստախոսությունը առաջ կքշե ու «Կայծերի» վրա ստվեր կձգե, բայց պարոնը չէ մտածել, որ կգտնվեն մարդիկ և ցույց կտան նրա խարդախությունը։ Պ. Հայկունին իրան նպաստավոր է համարում մինչև անգամ «Կայծերի» մեջ գտնված ծաղրական կամ հեգնությամբ ասած խոսքերը ընդունել