Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մելիք—Շահնազարյանի տիպի մեջ հեղինակը ցույց է տալիս մեզ մի այսպիսի մարդ։

Մելիք—Շահնազարյանը Վասակի, Մեհրուժանի կամ Վեստ—Սարգսի նման տիպ չէ։ Նա բարի մարդ է. նա սիրում է իր հայրենիքը, բայց այնքան կամքի զորություն և բնավորության ուժ չունի, որ հայրենիքի ընդհանուր շահերը գերադասե իր անձնական նեղ կրքերից։ Նա միանում է Փանահ—խանի հետ, օգնում է նրան, զորացնում է. բարձրացնում է, միայն թե կարողանա նրա ձեռքով ոչնչացնել Ղարաբաղի մնացած հայ մելիքներին։

Քանի՜-քանի՜ անգամ այդ տխուր երևույթը կրկնվել է հայոց պատմական կյանքում, քանի անգամ հայոց իշխանները միացել են օտարների հետ և սկսել են իրանց հայրենիքի շահերին հակառակ գործել, սկսել են ոչնչացնել իրանց նման հայ իշխաններին։ Բայց պատմությունը միշտ պատժում է այսպիսիներին։ Նրանք ոչնչացնելով ուրիշներին, ոչնչանում են և իրանք։ Նրանք իրանց նմաններին օտարի լծի տակ դնելով, իրանք նույնպես օտարի ստրուկ են դառնում։ Նույնը պատահեց և Մելիք—Շահնազարյանի հետ։ Նա սկզբում նպաստեց Փանահ—խանին իշխել Ղարաբաղի անկախ մելիքների վրա, վերջը ինքը ևս նույն խանի նպատակը դարձավ, կորցրեց իր անկախությունը: (Երես 228)։


Իր գրքի վիպական մասում հեղինակը նկարում է հայ ընտանիքի այն գլխավոր գծերը, որ արտահայտում են նրա թե առտնին և թե հասարակական բնավորությունը։ Ընտանիքի պետը, մեծ հայրը, իշխում է ոչ միայն ընտանիքը կազմող անդամների անձնավորության վրա, այլև նրանց սրտերի և հոգու վրա։ Նա կամենում է իրան հպատակեցնել և սերը, որ յուրաքանչյուր անհատի անբռնաբարելի զգացմունքն է։ Դեռ Ջումդուշը երեխա էր երբ հորեղբայրը (որը երեխայի վրա հոգաբարձության պաշտոն ուներ) նշանադրում է նրա համար իբրև ապագա հարսնացու Թալիշի մելիքի աղջկան, որը դեռ օրորոցի մեջ կերակրվում էր մոր ստինքով։ Ջումդուշը չափահաս դառնալով, բողոք է հայտնում այդ ընտանեկան բռնության դեմ, և սիրելով գեղեցիկ Սալիհային, մերժում է Թալիշի մելիքի դստեր ձեռքը։ Այստեղից ծագում է բոլոր ինտրիգան, որ մելիքների երկպառակության պատճառն է դառնում։ Հույները կռվում են տրոյացիների հետ հափշտակված Հեղինեի համար, իսկ Ղարաբաղի մելիքները