Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե ամբողջ նախադասությունը վեր առնելու լիներ, դուրս կգար, որ քրդերը կալվածատերեր էին։ Ահա ամբողջ նախադասությունը, «բայց քրդերը կալվածատերեր չէին, նրանց մեջ աղաներից մեկը սեփականացնում էր սրի ուժով մի կտոր հող, մյուս աղան, ավելի զորեղ գտնվելով, խլում էր նրա ձեռքից և այսպես հողը անդադար անցնում էր մի աղայից դեպի մյուսը» (286)։ «Կայծերի» մեջ ամբողջ ԻԵ-րդ գլուխը (260 — 270) նվիրված է քրդերին և թուրքերին և այդ գլխի մեջ մանրամասն կերպով բացատրված է թե առաջինների և թե վերջինների կալվածատիրական պայմանները։ Մի՞թե կարելի է ամբողջ գլուխներից միայն երեք բառ վեր առնել և նրանց վրա հիմնել իր կարծիքը։ «Կայծերի» նկարագրած ժամանակներում քրդերը ոչ միայն մասնավոր կալվածատերեր էին, այլ ամբողջ գյուղերի և գավառների տերեր էին։ Խան-Աբդալները, Խան֊Մահմուդները, Ոադիր֊խան բեկը, Նուբուլլահ-բեկը գեռ մինչև 1850 թվականները տիրապետում էին միևնույն երկրին, ուր գործում են «Կայծերի» հերոսները։

2. «Հայտնի է նմանապես, որ քրդերը ունին խալիֆներ և ֆախիներ, այլ ոչ թե «մուֆթիներ և ղադիներ» (269)։ Պարոնը չգիտե, որ մուֆթիները և ղադիները կառավարությունից նշանակված դենպետներ են, գլխավորապես դատական (շառլաթի) գործերի համար։ Նրանց հպատակվում են ինչպես քրդերը, այնպես էլ սուննի աղանդին պատկանող բոլոր մուսուլմանները։

3. «Որ մահմեդականություն ընդունող քրիստոնեաները ոչ պարսկական, ոչ էլ տաճկական օրենքով, երբեք իրավունք չունեն — ինչպես այդ պնդում է պ. Րաֆֆին — «տեր դառնալ ազգակիցների թե շարժական և թե անշարժ ժառանգությանը» (280)։ Պ. Հայկունին իր այդ խոսքերը այն աստիճան վստահությամբ է արտասանում, կարծես տարիներով ուսումնասիրել է պարսկական և տաճկական օրենքները։ Պարոնի տգիտությունր ցույց տալու համար, ես կբերեմ մի քանի ապացույցներ մեր պատմագրներից, որ Րաֆֆին բանաստեղծության մեջ ևս հավատարիմ է մնացել թե պատմությանը և թե ներկային։ Ահա ինչ է գրում այդ մասին: Առաքել պատմագիրը իր գրքի գլ. Ե., եր. 66։

«Եւ դատաւորքն ըստ անօրէն օրինաց իւրեանց իրաւացուցանեն զբանս ուրացողացն. թէ որովհետև նա եկեալ է յօրէնս Մահմեդի, նմա հասանի ամենայն ինչք իւրոց ազգակցաց, և այսպէս զրկեալ զողորմելի քրիստոնեայս` յափշտակեալ զամենայն տան ուրացողացն այնոցիկ»։