Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1880 թվականում Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանքի տպարանում տպվեցան պ. Հարություն Տեր Հովհանյանցի հետաքրքիր պատմության երկու հատորները, Պարսկաստանի և Հնդկաստանի հայերի մասին։ Այդ պատմությունը կարելի է համարել Առաքել պատմագրի շարունակությունը մինչև մեր ժամանակները։ Նրա առաջին հատորի 366 երեսում կարդում ենք հետևյալը.

«Ծանրակշիռ եղև յոյժ վնասն` զոր յուրացողաց ընկալալ Զուղայ (Նոր)։

Սկիզբն այս աղետից է ի ժամանակ է երկրորդ Շահ Աբասայ, ուժգնութիւն Շահ Սուլթան Հօսէյնի, և տևումն ցմեր ժամանակս։ Դենպետք պաշտպան են օրինացն որ հրամայելէ զի ինչք և ստացուածք վախճանեալ քրիստոնէի` ուրացեալ ազգականի նորա են ժառանգութիւն, այդ իրավունք ժառանգութեան ոմանց մինչև ցչորս ազգն (սերունդ) և ըստ ոմանց մինչև ցեօթն ազգն ընտանեաց ուրացողին ունի ներգործություն։ Հետո նկարագրում է պատմագիրը, թե որպիսի բարբարոսությամբ գործադրրվում էր այդ օրենքը։ Մինչև այսօր նույն բարբարոսությունը շարունակվում է մոլլաների ձեռքով, չնայելով որ պարսից շահերը շնորհել են քրիստոնյաներին շատ հրովարտակներ հիշյալ օրենքի չգործադրվելու մասին։ Շառյաթի մոլեռանդության դեմ անզոր գտնվող այդ հրովարտակները պահվում են Թավրիզի և Սպահանի հայոց առաջնորդարաններում։

Ես շարունակում եմ պ. Հայկունու «Կայծերի» մեջ ցույց տված սխալների մասին խոսել։

«Որ ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ լսված կամ տեսնված չէ, որ պարսիկ խաները իրանց հրավերքի և կերուխումի ժամանակ հայ քահանաներին հրավիրելով իրանց տուն ստիպում էին նրանց խաների զվարճության համար «պատարագ» մատուցանել, եկեղեցական սպաս և ծես կատարել»։ Որ «այդպիսի հանդեսներից մեկի մեջ, խանը հրամայեց քահանային սաղավարտը դնել յուր շան գլխին, շուրջառը գցել նրա վերա և ստիպեց տերտերին յուր բուրվառով խնկարկել շանը» (281 )։

Կարծեմ մահմեդական մոլեռանդությունը պաշտպանող պ. Հայկունին, եթե հետևել է մեր մամուլի վերջին տարիներում հաղորդած տեղեկություններին, պետք է շատ անգամ կարդացած չինի, թե ինչպես թուրքաց Հայաստանում մահմեդականները աղբով ծեփում էին քրիստոնեական տաճարների պատերը, ինչպես խաչը շան վզից կախ տալով ման էին ածում փողոցներում,

Րաֆֆի, Երկերի ժողովածու, &. 1