Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռիվների մեջ։ Նրանցից ամեն մեկը ցանկանում է իր հայրենիքը փրկված տեսնել մահմեդականների բռնակալությունից։ Ռուսաց և անգլիացվոց քաղաքականությունը մրցում են միմյանց հետ։ Անգլիացիք խոստանում են հայերին արտոնություններ և հանգստություն պարսից երկրներում։ Նույնը խոստանում են ռուսները իրանց նոր գրաված երկրներում։ Ռուսաց քաղաքականությունը հաղթող է հանդիսանում և տեղի է ունենում Պարսկաստանի հայերի մեծ գաղթականությունը դեպի Երասխ գետի այս կողմը։

Այդ ժամանակներում հայտնվում է Աբովյանը և որպես թարգման հայերի զգացմունքի և ցանկությունների, գրում է իր «Վերք Հայաստանի» կոչված վեպը։

Անցնում է ուղիղ 50 տարի, սկսվում է ռուս—թուրքական 76 թվի պատերազմը։ Տաճկաստանի հայերի թշվառ դրության վրա ուշադրություն են դարձնում։ Ռուսաց զինվորների արյունով գրվում են Սան—Ստեֆանոյի դաշնագրի 16—րդ և Բեռլինի դաշնագրի 61—րդ հոդվածները։ Խոստանում են թուրքաց Հայաստանում վերանորոգություններ մտցնել և հայերի համար մի լավ դրություն ստեղծել։ Ներսես պատրիարքը դիվանագիտական դեր է խաղում։

Բոլոր ինտելիգենտ հայերի մտքերը զբաղված են այն հարցով, թե ինչպե՞ս պետք է ստեղծել այդ լավ դրությունը, որ իրանց եղբայրակիցների վիճակը բարվոքվի Տաճկաստանում։

Բոլորովին անբնական կլիներ, որ մտածությունների այդ սաստիկ մաքառումների ժամանակ, ձգտումների այդ ջերմ շարժման ժամանակ և ցանկությունների այդ ուժեղ հոսանքի ժամանակ անտարբեր մնար ազգային բանաստեղծը։ Այո՛, բոլորովին անբնական կլիներ, որ բանաստեղծը լուռ մնար այն ժամանակ, երբ Տաճկաստանի ստրկացած ժողովրդի մեջ տիրում էր մի տենդային գրգիռ բողոքելու և իր ցավերն ու վշտերը դնելու քաղաքակիրթ Եվրոպայի առջև։ Բանաստեղծը պետք է արձագանք տար ժողովրդի ձայնին և նրա սրբազան ցանկությունները, նրա խորին զգացմունքները, և նրա լացն ու արտասուքը պետք է նյութ առներ իր երգերի և իր վեպերի։

Այդ ժամանակներում Գամառ—Քաթիպանտ թողնում է իր «Կռամպապուլին», թողնում է մայրաքաղաքներում կրթված աղջիկներին ու երիտասարդներին և սկսում է երգել մշեցի մշակների դժբախտությունը։ Այդ ժամանակներում ալևոր Ծերենցը մտնում է պատմության խորքը և հնության փոշիների միջից ի լույս է ածում «Թորոս Լևոնին», «Երկունքը» և «Թեոդորոս Ռշտունին»։ Այդ