Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկա դրության և Տաճկաստանի քաղաքական ու տնտեսական պայմանների հետ։ Քննելով «Կայծերը», միևնույն ժամանակ պետք է քննել և այդ պայմանները։ Եվ դրա մեջն է Րաֆֆիի բարձր նշանակությունը, որ մեր գրականության ասպարեզում չէ հանդիսանում նա որպես լոկ վիպասան միայն, այլ որպես ժամանակի գործիչ, որպես առաջնորդող ժամանակի ձգտումների և գաղափարների։ Եվ այդ է պատճառը, որ մենք համարում ենք «Կայծերը» կատարյալ ժամանակակից վեպ, և ոչ թե հեքիաթ կամ մի ծրագիր դրված տաճկահայերի ապագա գործունեության համար, որպես աշխատում է ցույց տալ պ. Հայկունին։

— «Որո՞նք են «Կայծերի» գաղափարները, նրա տենդենցիան ինչո՞ւմն է», հարցնում է պ. Հայկունին։ Մենք սպասում ենք նրա պատասխանին.— դարձյալ մի որոշ պատասխան չենք լսում Ինչպես «Կայծերի» տիպերի քննության մեջ, ինչպես «Կայծերի» գեղարվեստական արժանավորությունների կամ նրա հոգեբանական կողմերի վրա խոսելով, պարոնը խույս է տալիս որոշ միտք հայտնելուց և բավականանում է մի քանի ընդհանուր և կրիտիկայի մեջ ոչինչ նշանակություն չունեցող ֆրազներով միայն, այնպես էլ «Կայծերի» տենդենցիայի և նրա մեջ բովանդակված գաղափարների մասին խոսելով, նա մի որոշ միտք չէ հայտնում։ Նա միայն աշխատում է ցույց տալ, թե «Կայծերի» հեղինակը սեփական գաղափարներ չէ ունեցել, այլ իր բոլոր մտքերը առել է «Մշակ» լրագրից։ Այդ կարծիքը հիմնում է նա հեղինակի մի այլ առիթով հայտնած խոստովանության վրա, թե «ինքը «Մշակի» գաղափարների ամենամոլեռանդ քարոզողներից մեկն է»:

Եթե ընդունենք «Մշակը» որպես մի որոշ ուղղության արտահայտություն, այն ժամանակ շատ հասկանալի էին Րաֆֆիի խոստովանությունը։ «Մշակը» մի խումբի, մի հայտնի կուսակցության օրգան է։ «Մշակը» մի հավաքական ուժ է։ Նրա մեջ որպես խմբագիրը, այնպես էլ ամեն մի գրող իր մեծ և փոքր մասն ունի։ Րաֆֆին այդ գրողներից մեկն է։ Նա չէ սովորում «Մշակից», այլ իր գաղափարները և իր մտքերը սովորեցնում է կամ որպես ինքն է ասում «քարոզում է» «Մշակի» միջոցով։ «Մշակը» մտքերի մի հոսանք է, որի մեջ զանազան աղբյուրներից բխած վտակները միախառնվում են և կազմում են մի մեծ գետ։ Մշակի» խմբագիր պ. Արծրունին միայն հսկում է, որ գետը շփոխե իր ընթացքը և չշեղվի իր ուղղությունից։ Րաֆֆին այն վտակներից մեկն է, որ խառնվում է այդ գետին։ Եվ որովհետև ամեն