Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ սուրբ Ավետարանը աշխարհաբարի թարգմանելով, պետք է տալ ժողովրդի ձեռքը, նա կարդա և բարոյապես զարգանա։ Իսկ Րաֆֆին ասում է, որ սուրբ գրքերը վնասակար են, նրանց փոխարեն պետք է տալ ժողովրդին Ղորանը, որ նա կարդա և վայրենություն սովորի։

Պետք է կամ վերին աստիճանի տգետ լինել, կամ վերին աստիճանի անամոթ լինել, այսպես անխղճաբար աղավաղելու համար «Կայծերի» արտահայտած մտքերը: Րաֆֆին չէ ասում, թե սուրբ գրքերը վնասակար են, այլ ասում է, որ մեր տեր թոդիկները այնքան տգետ են, որ սուրբ գրքերի մտքերին այնպիսի սխալ բացատրություններ են տալիս, որ փոխանակ օգուտ բերելու, վնասում են։ Որի ընդհակառակն, մահմեդական մոլլան համեմատաբար ավելի նպատակահարմար կերպով է բացատրում Ղորանի իմաստները (եր. 255 — 257)։ Եվ այդ կարծիքը ոչ թե Րաֆֆիի կարծիքն է, այլ որսորդ Ավոյի կարծիքն է։

Չնայելով, որ պ. Հայկունին, որպես տեսանք, մի կողմից աշխատում է ցույց տալ «Մշակի» և «Կայծերի» գաղափարների մեջ հակառակություն, մյուս կողմից, ինքն իրան հակասելով, հայտնում է այն միտքը, թե «Կայծերի» հեղինակը «Մշակի» խմբագրից փող ստանալով, նրա թերթի գաղափարները ամբողջապես մտցրել է իր գրքի մեջ։

«Ինչպես կկամենայիք, ասում է նա, որ ես իմ մեկենասից («Մշակի» խմբագրից) յուրաքանչյուր տողի համար մի որոշյալ գումար ստանայի, նրա բերանից իմ մասին ամեն օր մի-մի դրվագ ու ներբող լսեի և միևնույն ժամանակ նրա գազափարները ամենամոլեռանդաբար չքարոզեի»։

Ես հետո ցույց կտամ, թե ի՞նչ է նշանակում յուրաքանչյուր տողի համար մի որոշյալ գումար ստանալը, կամ ի՞նչ է նշանակում «Մշակի» գաղափարները ամենամոլեռանղաբար քարոզելը։

Այժմ հարկավոր եմ համարում մի քանի օրինակներով ավելի պարզել այդ հարցը։

Ընդունենք, որ «Կայծերի» գաղափարները մի քանի կետերում Նման են «Մշակի» հայտնած մտքերին։ Ի՞նչ է Դրա պատճառը։ — Արդյոք ա՞յն, որ «Կայծերի» հեղինակը սեփական համոզմունք, սեփական իդեալներ չէ ունեցել և կուրորեն հետևել է «Մշակին», թե մի այլ երևույթի մեջ պետք է որոնենք իսկական պատճառը Այդ հարցը պետք է լուծեր պ. Հայկունին բայց նա ամենայն անբարեխղճությամբ աղավաղում է։