Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղափարները և տենդենցիան հազար անգամ հայտնված են եղել մամուլի մեջ:

Ռուսաստանում ծագում է ճորտերի ազատության հարցը: Նույն երևույթն է նշմարվում ռուսաց թե գրականության մյուս ճյուղերի մեջ, ինչ որ կատարվեցավ Ամերիկայում: Ինքը կառավարությունը զբաղված էր այդ հարցով։ Այդ միջոցներում Տուրգենևը օգուտ քաղելով ընդհանուր մտածություններից, գրում է «Записки охотника» ռոմանը։ Բայց մինչև այսօր ոչ ոք չէ մեղադրել հարգելի վիպասանին գրականական գողության մեջ, թե նա իր վեպի գաղափարը առել է այս կամ այն գրվածքից: Եվ դրա մեջն է ժամանակակից վեպի բարձր նշանակությունը, որ նա ամփոփում է իր մեջ այն բոլորը, ինչ որ հազարավորները և միլիոնավորներն են մտածում։ Բանաստեղծը խլում է թե թղթի վրա թե շրջապատող մթնոլորտի մեջ տարածված մտքերը, պարզում է և իր սեփական գույնը տալով, վիպական կենդանի ձևով վերադարձնում է մեզ։

Նույնը արել է և Րաֆֆին. նրա գիրքը ժամանակի արդյունք է: Եթե նա ծնված լիներ հիսուն տարի առաջ կամ աշխարհ գալու չիներ մեզանից հիսուն տարի հետո, ես հավատացած եմ, որ «Կայծեր» չէր գրի, այլ կգրեր մի ուրիշ վեպ, որը կհետաքրքրեր իր ժամանակի ընթերցողներին։

Այդ բոլորից հետո, ես դարձյալ վերադառնալով դեպի պ. Հայկունին, հարկավոր եմ համարում նկատել, որ այդ պարոնը, խոսելով «Կայծերի» գաղափարների կամ տենդենցիայի վրա, ամենևին մի որոշ միտք չէ հայտնում, թե ինչումն է կայանում այդ տենդենցիան։ «Վայրենություն», «վայրագություն», «խավար», «հետադիմություն» բառերը անդադար կրկնելով, հարցը պարզած է համարում։ Բայց այդ մի քանի լոկ բառերը բավական չեն կրիտիկայի համար։ Ես նախորդ համարում հայտնեցի, թե վեպի հիմնական գաղափարները չի պիտի որոնել նրա այս և այն բառի, նրա այս և այն տողի մեջ, այլ վեպի ամբողջության մեջ։ Բայց երբ կրիտիկոսը իրան նպատակահարմար է համարում վեր առնել տողեր, նախադասություններ, կամ ամբողջ կտորներ վեպից և նրանցով բացատրել նրա պարունակած գաղափարները, — դա բարեխիղճ կրիտիկոսի գործ չէ։

Հիմա դառնանք պ. Հայկունու այն կարծիքին, որով ցույց է տալիս, թե Րաֆֆին իր մեկենասից («Մշակի» պ. խմբագրից) փող ստանալով, նրա գաղափարները մտցրել է իր գրքի մեջ։