Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Պ. Րաֆֆին իրան գրքի առաջին երեսում գտնում է, որ մեկենասությունը գրականության մեջ օգտակար է, այսինքն «մի ձեռքը» կարող է հառաջացնել ու ծաղկեցնել և գրականություն (՞՞)։ Այդ կարծիքը անպայման կերպով ոչ մի հասկացող մարդ, ես կարծում եմ, չէ ընդունում։ Եվ ինչպե՞ս ընդունել, ինչպե՞ս Բոքլի նման չասել, որ մեկենասությունը փչացնող, շողոքորթող, անբարոյականացնող երևույթ է, երբ տեսնում ես որ այդ մեկենասը, օրինակի համար, ֆրանսիացիների մեջ մի Լուդովիկոս է, իսկ հայ գրականության մեջ մի «Մշակ»։ Ինչպե՞ս կկամենայիք, որ ես իմ մեկենասից յուրաքանչյուր տողի համար մի որոշյալ գումար ստանայի, նրա բերանից իմ մասին ամեն օր մի մի դրվագ ու ներբող լսեի, և միևնույն ժամանակ նրա գաղափարները ամենամոլեռանդաբար չքարոզեին»։

Ես նախորդ համարում այդ ևս ցույց տվի, թե ինչ է նշանակում «Մշակին գաղափարները ամենամոլեռանդաբար քարոզելը, այժմ պիտի խոսեմ գրականական վարձատրության մասին և մեկենասների նշանակության մասին։

Թե ինչ է ասել «Բոքլը», թե ինչ համեմատություն է արել «Մշակին» և ֆրանսիացի Լուդովիկոսի մեջ,— այս ես նրա գրքում չեմ կարդացել։ Միայն այսքանը գիտեմ, եթե «Մշակին խմբագիր պ. Արծրունին իրան Բոքլին հրավիրելու լիներ «Մշակին մեջ աշխատակցելու, նա անպատճառ կպահանջեր յուրաքանչյուր տողի համար մի որոշյալ գումար: Եվ եթե պ. Արծրունին նրան ասելու լիներ. «Պարոն Բոքլ, ինչո՞ւ եք ինձանից փող պահանջում, դուք չէի՞ք, որ ասում էիք, թե մեկենասությունը անբարոյականացնող միջոց է։ Պարոն Բոքլը անպատճառ կպատասխաներ. «Ներեցեք պարոն, դուք ինձ լավ չեք հասկացել ես իմ աշխատության վարձն եմ պահանջում ձեզանից, դա մեկենասություն չէ…»։

Պ. Հայկունին, որի դատողությունների տարածությունը իր կրքերի սահմանից այն կողմը չէ անցնում, աշխատում է մոլորեցնել իր ընթերցողներին ասելով, որովհետև Րաֆֆին «Մշակի» աշխատակից է, որովհետև այդ լրագրի խմբագիր պ. Արծրունին նրա գրած յուրաքանչյուր տողի համար մի որոշյալ գումար է վճարում, այդ պատճառով էլ Րաֆֆին շողոքորթում է նրան և «Մշակի» գաղափարներին (ամենամոլեռանդաբար» հետևում է։ Այժմ կպարզենք վարձատրության հարցը, որովհետև պ. Հայկունին անդադար շեշտում է հիշյալ հարցի վրա։