Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե Րաֆֆին գրում է «Մշակի» մեջ, թե յուրաքանչյուր տողի համար մի որոշյալ գումար է ստանում,— դա հանցանք չէ, ամեն մի նշանավոր լրագրի աշխատակիցները փող են ստանում, ձրի չեն գրում։ Բայց ի՞նչ կապ ունի այդ «Կայծերի» հետ։ «Կայծերը «Մշակի» մեջ չէ տպվել, «Կայծերի» համար «Մշակի» խմբագիրը ոչինչ չէ վճարել։ Կամ մի՞թե փողի համար հեղինակը կփոխե իր համոզմունքները։ Կարծեմ, ինքը պ. Հայկունին իր հոդվածի մեջ աշխատում է ցույց տալ Րաֆֆիի և «Մշակի» գաղափարների մեջ հակառակություններ: Մի՞թե մի մարդ կարող է միևնույն ժամանակ և հակառակ լինել և հլու հպատակ լինել։

Եթե Րաֆֆին յուրաքանչյուր տողի համար մի որոշ գումար է ստանում, այդ պատիվ է բերում նրան, որ կարողանում է ապրել դրական աշխատանքով. դա շատ գեղեցիկ երևույթ է, դա պետք է ուրախացնել մեզ։ Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ Րաֆֆին առաջինն է մեր գրականության մեջ, որ իր տոկուն աշխատությամբ կարողացավ ցույց տալ, որ տաղանդը նույնպես հարստություն է, որ գրական արդար վաստակով ևս կարելի է ապահովել կյանքը։ Բայց որտե՞ղ, ի՞նչ հասարակության մեջ։ — Իհարկե, ոչ մեզանում։ Եվրոպական հասարակությունների մեջ մի կամ երկու հաջող վեպեր բավական են, որ հեղինակը սեփական կառք և վիլլա ունենա և շրջապատե իրան ամեն տեսակ հարմարություններով։ Բայց Րաֆֆին, որ հայ հասարակությանը տվել է տասն հատոր գրքեր և նույնքան հատորներ կկազմեն նրա մեր պարբերական հրատարակությունների մեջ տպված մյուս աշխատությունները,— Րաֆֆին իր դրական վաստակով հազիվհազ կարողանում է ձեռք բերել մի կտոր արդար հաց և կյանքից ավելին չէ պահանջում։ Մի ամբողջ քառորդ դար այդ մարդը աշխատում է, դեռևս իր ապրուստը ապահոված չէ։ Այսօր ձգեց գրիչը» մյուս օրը, գուցե, ուտելու հաց չի ունենա։ Մինչև այսօր մի ամբողջ ժողովուրդ չէ կարողացել ապահովել իր վիպասանին, և դեռևս գտնվում են մարդիկ» որ տրտնջում են նրա ստացած մի քանի կոպեկների համար Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ մեզ մոտ մի վարժապետ, մի տեսուչ կարող են չորս հազարներ, հինգ հազարներ ստանալ և թուղթ խաղալով իրանց ժամանակը սպանել, իսկ մի վիպասան, որ կրթում է մի ամբողջ հասարակություն, պատրաստում է մի ամբողջ սերունդ, որի գրական վաստակը կմնա ազգի համար իբրև հավիտենական ժառանգություն,— մի՞թե մի այսպիսի աշխատողը պետք մնա առանց վարձատրության։