Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի ևս կծաղկեր և կհարստանար և ոչ թե, որպես պ. Հայկունին է կարծում, գրողները անբարոյական կդառնային:

Ես պ. Հայկունու զանազան մանր-մունր նկատողությունների վրա ուշադրություն չդարձրի, որովհետև ինչ էր որ գրեցի, այդ էլ բավական է ցույց տալու համար, թե որքա՞ն անբարեխղճությամբ, որքա՞ն վայրիվերո կերպով վերաբերվում է նա դեպի մի գործ, որ լուրջ, ծանր ու խորին քննադատության կարոտ է։ Բայց չեմ կարող առանց ուշադրության թողնել պարոնի փոքրոգությունը եթե նա իր կրիտիկան գրել է լոկ թշնամական և վրեժխնդրական զգացմունքից դրդված, - պետք է գոնե այնքան մեծահոգի լիներ, որ սպասեր մի հարմար ժամանակի։ Երբ հարևանի տանը կրակ է ընկնում, շտապում են հանգցնելու և ոչ թե կրակի վրա յուղ են լեցնում։ Պարոնի կրիտիկան տպվում էր հենց միևնույն օրերում, երբ «Կայծերի» հեղինակի դրությունը շատ նախանձելի չէր։ Լավ մարդը հակառակորդի այդպիսի դրության ժամանակ պատերազմ չէ հայտնում։

Երևում է պ. կրիտիկոսը սաստիկ վրդովված է եղել «Կայծերի» հերոսներից մեկի, Ասլանի, հետևյալ դատողություններով.

-Ես չեմ զարմանում գործերի այպես լինելու մասին, այլ ցավում եմ, որովհետև ամեն ժամանակ, երբ, հայի համար որևիցե դավաճանություն է պատրաստվում, նրա մեջ խառն է լինում դարձյալ նույնիսկ հայի մատնիչ ձեռքը։ Դա մի պատմական եղեռնագործություն է, որ սկսյալ ամենահին դարերից, խիստ հաճախ կրկնվել է մեր ազգի կյանքում։ Դա հայի վատ հասկացություններից մեկն է (եր. 441):

Պ. Հայկունին Ասլանի այդ խոսքերից այն եզրակացությունն է դուրս բերում, թե Րաֆֆին (դարձյալ Րաֆֆին) բոլոր հայերին դավաճան կամ մատնիչ է կոչում։ Րաֆֆին այդպիսի միտք չէ հայտնում որովհետև, եթե բոլոր հայերը մատնիչ լինեին, այլևս մի արդար հայ չէր մնա, որին մատնեին։

Ես թողնում եմ մեր պատմությունը, որի մեջ դավաճանների բազմաթիվ օրինակներ ունենք։ Ես թողնում եմ և մեր ներկան, որի մեջ նույնպես նրանց թիվը պակաս չէ,-ես հարցնում եմ պ. Հայկունուց. միթե նա ինքը իր վարմունքով չէ՞ ապացուցում, որ Ասլանի հայտնած միտքը բովանդակում է իր մեջ մի դառն ճշմարտություն։ Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը.

-Սպասեցեք, սպասեցեք, պարոններ, ես գիտեմ, որ որսորդ Ավոն և ընկ. («Կայծերի» մեջ) ուզում են լինել բայց կարծես թե