Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ. Հայկունին իր հոդվածը վերջացնում է զանազան պառավական խրատներով, որ ուղղում է դեպի «Կայծերի» հեղինակը, խորհուրդ տալով նրան, որ իր չհասկացած բաների մասին ուրիշ չշարժե, որ «երեխայական դյուրագրգիռ ոգևորությամբ ինքնակոչ բժիշկ ձևանա բուժելու համար բարոյական այնպիսի վերքեր, որոնց արտաքին խոցերը նա միայն տեսնում է, այն էլ այնքան թույլ ակնոցավոր աչքերով»,— ավելացնում է, որ Րաֆֆիի առաջարկած դեղը այն atrophia nervorum է-ն, որով Չերնիշևսկու (դարձյալ Չերնիշևսկի) երևելի բժիշկները կամենում էին բժշկել Կատարինա Վասիլևնային, բայց Կատարինա Վասիլևնան այդ դեղով չբժշկվեցավ և այլն։

Եթե ամեն մի խրատ տվող իր խրատները նախ իր գլխի վրա փորձելու չիներ և չհասկացած ու չսովորած բաների մասին դատողություններ չաներ, կարծեմ, շատ հիմարություններ դուրս տալու վտանգից ազատ կմնար։

Պ. Հայկունին, այդ Խալիպյան դպրոցի առաջին, թե երկրորդ դասատանից արտաքսված համբակը, իր հոդվածի մեջ աշխատում է ձևանալ ոչ միայն իբրև քաջ կրիտիկոս, այլ որպես լեզվագետ ևս, և այդ մտքով գործ է ածում զանազան ռուսերեն, ֆրանսերեն և լատինական բառեր ու առածներ, առանց նրանց նշանակությունը հասկանալու նա կարծում է, որ atrophia nervorum-ը դեղի կամ դարմանի անուն է և զարմանում է, որ Կատարինա Վասիլևնան այդ դեղով չբժշկվեցավ։ Բայց atrophia nervorum-ը դեղի անուն չէ, այլ հիվանդության անուն է և նշանակում է նյարդային անսննդականություն: Մի՞թե հիվանդությունը կարելի է հիվանդությունով բժշկել ես կարծում եմ, որ պ. Հայկունին նույնպես ազատ չէ հիշյալ հիվանդությունից, բայց նա իզուր է դարմանը խարդախության մեջ որոնում…

«Կայծերի» կրիտիկայից հետո, պ. Հայկունին գրեց Րաֆֆիի «Խաչագողի հիշատակարանի» առաջին հատորի քննադատությունը։ Այստեղ նա, ինչպես սովորաբար ասում են, երեսի փարդան բոլորովին պատռել է,— այստեղ նա երևում է իր կատարյալ տգեղությամբ։ Ես իր ժամանակին կտեսնվեմ պարոնի հետ [1]:

  1. Վերջաքնելով հոդվածս, հարկավոր եմ համարում հայտնել, որ ընդհանուր դատողությունների մեջ, մի քանի տեղերում հետևել եմ Բելինսկու հայաքներին: Ծան. հեղ.