Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մյուս վնասակար կողմն այն է, որ երբ մի ժողովրդի բարեգործական նկրտումները ուղղված են լինում դեպի միևնույն հիմնարկությունները, այդ դեպքում հասարակության պետքերի մյուս ֆակտորները, որոնք նույնքան և գուցե ավելի անհրաժեշտ են, մնում են անգործադրելի և բոլորովին զանցառության են արվում: Ի՞նչ կլիներ, եթե բոլորը եկեղեցիներ կառուցանեին և դպրոցի վրա ոչ ոք ուշադրություն չդարձներ:

Մեր ժամանակներում բարեգործները և բարեգործական հիմնարկությունները սկսեցին ուշադրություն դարձնել դպրոցների և ուսման վրա: Հարուստները մեռնելու ժամանակ իրանց հարստությունից մի մասն են հանում դպրոցների համար: Ոմանք առանձին դպրոցներ են կառուցանում: Ոմանք իրանց ծախքով որդեգիրներ են պահում թե այստեղ և թե արտասահմանում: Ամեն ոք ցանկանում է, որ ամենահետին գյուղացին անգամ գրել-կարդալ գիտենա. ամեն ոք ցանկանում է իր լուման ձգել ժողովրդի կրթության գանձանակի մեջ: Այդ բոլորը շատ գեղեցիկ է, շատ օգտավետ է, բայց մի՞թե ժողովրդի առաջադիմությունը միայն դպրոցներից պետք է սպասել: Ինչո՞վ է զանազանվում այժմյան բարեգործությունը այն ժամանակների բարեգործությունից, երբ բոլորը վանքեր կամ կամուրջներ են հիմնում:

Ինչպես վանքերի թիվը բազմացնելով մենք ստացանք բազմաթիվ աբեղաներ, որ չգիտենք, թե ինչպես կերակրենք նրանց, այնպես էլ միմիայն դպրոցների թիվը բազմացնելով մենք շուտով կստանանք մի ուսումնական պրոլետարիատ, որ չենք իմանա որտեղից հաց ճարենք նրանց համար:

Երբ ժողովրդի կրթության ֆակտորներից մեկը միայն զարգանում է, կրթության ջանքերը դառնում են միակողմանի: ժողովրդի կրթության բոլոր ֆակտորներ ըպետք է ներդաշնակաբար և հավասար կերպով զարգանան և պետք է ներդաշնակաբար գործեն, որպես գործիչները մի որևիցե մեխանիզմի մեջ և որպես կենդանի մարմնի մեջ նրա բոլոր գործարանները: Գործարաններից մեկի չափազանց զարգնալը կթուլացնի մյուսների գործողությունը, և առողջությունն ու կյանքը կդադարի:

Մասնավորենք մեր խոսքը:

Այժմ թե մեր բարեգործական հիմնարկությունները և թե մեր մասնավոր բարեգործները, բոլորը իրանց խելքն ու միտքը տվել են դպրոցական գործին, բոլորը նպաստում են դպրոցների բարեկարգությանը և ուսումնական անձանց թիվը ավելացնելուն: Մեր