Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թանկագին է, պահպանելու համար անփույթ ենք։ Մի՞թե նույն թշվառության մեջ չմեռան Դուրյանը, Պեշկիթաշլյանը, և ուրիշ շատ այսպիսի զոհեր…

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ

Պարոն խմբագիր.

Խնդրեմ այս մի քանի տողին տեղ տաք Ձեր պատվական շաբաթաթերթի մեջ։

«Մեղուի» 90-րդ համարում տպված էր մի հոդված, որի մեջ ի միջի այլոց ասված էր, թե ես ստացել եմ Առաքել վարդապետ Կոստանյանցից նորա երկու հատոր աշխատությունները և մինչև այսօր չեմ վերադարձրել։ Եվ նույն հոդվածի ներքև խմբագրի ծանոթության մեջ հիշված էր, որ ես հիշյալ աշխատությունները հանձնեմ «Մեղուի» խմբագրատանը, որպեսզի նա հասցնե ըստ պատկանելույն։

Բոլորովին ճշմարիտ է, ես Տող բերդում գտնված ժամանակ Առաքել վարդապետը հանձնեք ինձ երկու տետրակների մեջ ամփոփված մի հավաքածու, և ես այդ մասին յուր ժամանակին հայտնել եմ «Խամսայի մելիքությունների» 382, 383, 384, 387 երեսներում։ Հիշյալ հավաքածուն մինչև այսօր էլ պահված է ինձ մոտ, և եթե չեմ վերադարձրել, պատճառն այն է եղել, որ արժանապատիվ հայր սուրբը, երբեք չի դիմել ինձ ու չի պահանջել յուր տետրակները, Նա թողել էր այդ տետրակները ինձ մոտ բոլորովին այլ նպատակով, և այդ նպատակը իրան հայր սուրբին լավ հայտնի է…

Բայց ինձ զարմացնում է այն, թե ի՞նչն է ստիպել «Մեղուի» խմբագրին ուրիշների հարաբերությունների մեջ մտնել և մի այդպիսի ինքնակոչ սուդեբնի պրիստավի դեր հանձն առնել։ Եթե Առաքել վարդապետը ցանկանում է ինձ հանձնաձ ավանդը ետ ստանալ, իմ հասցեն նորան հայտնի է, նա թո՛ղ ինձ գրե, այն ժամանակ ես մեծ հոժարությամբ ետ կուղարկեմ, և ավելի ապահով ձեռքով, քան թե «Մեղուի» խմբագրատան միջոցով։