Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ

Պ. խմբագիր

Խնդրեմ այս նամակին տեղ տաք Ձեր պատվական շաբաթաթերթի համարներից մեկում, որով մենք նպատակ ունենք փարատել մի քանի տարակուսանքներ, որ խոսակցության նյութ են դարձել մեր հակառակորդների բերանում։

Մինչև «Խամսայի մելիքությունների» լույս տեսնելը, մեր նորագույն պատմության մի նշանավոր մասը բաց էր մնացած։ Ոչ ոքի մտքին անգամ չէր գալիս, որ ամենամոտ ժամանակներում Ղարաբաղում վերջացել էր մի հայկական իշխանություն, որ յուր անցյալը և յուր պատմությունն ուներ։ Թեև այս և այն հրատարակությունների մեջ տպված էին զանազան անկապ, հատուկտոր հոդվածներ, բայց դրանք այնքան աղքատ էին իրենց բովանդակության կողմից, որ մի պարզ գաղափար չէին կարող տալ վերջացած իշխանության մասին։ Զանազան խորշերում ընկած էին ծածկված, մոռացված ձեռագրեր, որոնք դեռ գրականության սեփականություն չէին դարձել։ Իսկ ժողովրդի բերանում մնացել էին կենդանի ավանդություններ, որոնք հավաքելու կարոտ էին։ Ահա այդ բոլորը անհայտությունից ի լույս ածել և, ի մի ամփոփելով, նրանցից մի ամբողջական պատմություն կազմել Ղաբաբաղի մելիքությունների մասին,— շատ վաղուց ի վեր դարձել էր մեր աշխատության առարկան։ Մենք տարիներով միշտ հետամուտ ենք եղած, ամեն հնարք գործ ենք դրել, որ ամեն տեղ ինչ բանավոր կամ գրավոր հիշատակարաններ կան, ազատենք խավարից և կորը ստից և, նյութերի մի հարուստ պաշար մեր ձեռքի տակ ունենալուց հետո, սկսենք գրել մեր պատմությունը։ Այդ իսկ նպատակով, դեռ 1881 թվականի հուլիս ամսում, «Մշակի» մեջ մենք տպեցինք մի հրավեր, որով դիմում էինք ձեռնահաս անձինքներին, խնդրելով օգնել մեզ մեր ձեռնարկության մեջ և եթե գտնվում էին նրանց մոտ որևէ գրավոր կամ բանավոր տեղեկություններ, ուղարկեին մեզ, որպեսզի մեր աշխատությունն ավելի լրացած և ճոխ լիներ փաստերի կողմից։ Չբավականանալով պատվերով, նույն տարվա հուլիս ամսում մենք սկսեցինք ճանապարհորդություններ անել այն երկրներում, ուր դարերով գոյություն էր ունեցել մելիքների իշխանությունը։ Անցանք Գանձակի, Ղարաբաղի, Զանգեզորի, Ղափանի գավառները, անցանք Սյունյաց աշխարհը: Մեր ճանապարհորդությունը տևեց երեք ամիս և