Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճակատագրական գործողության վրա, որր աշխարհի սկզբից կառավարում է մարդկությանը և որը անցնում է սերունդից սերունդ, որպես մի դժբախտ ժառանգություն: Մարդկային սեռի վրա ծանրացած այդ ժառանգությունը, հեղինակի կարծիքով, կայանում է սիրո մեջ, այդ հավիտենական մահացու մաքառման մեջ, որ կատարվում է երկու սեռերի կողմից», կայանում է անհագ շահասիրության մեջ, որին դատապարտված է մարդը, որը իբրև մի անհրաժեշտություն, ստիպում է մարդուն հարրստահարություն ու խաբեություն կատարել,— և վերջապես, կայանում է պատերազմի մեջ, այդ անհրաժեշտ, բայց սարսափելի սպանության մեջ, թեև արդարացնում են նրան ասպետական նկատումներով։ Ահա հիմնական գաղափարները «Կայենի կտակի»: Այդ գաղափարները հեղինակը կատարելապես զարգացնում է մի փոքրիկ վեպիկի մեջ, որ կոչում է «Պանդուխտ», և որը, իբրև առաջաբան, միացրել է այն վեպիկների շարքի հետ, որոնք բոլորը միասին կազմում են «Կայենի կտակը»: Միայն «Պանդուխտի» հրատարակությունից հասկանալի եղավ «Կայենի կտակի» անունը, այդ պատճառով մենք հարկավոր ենք համարում ծանոթացնել ընթերցողին նրա համառոտ բովանդակության հետ։

Հրացանը ուսի վրա դրած, — պատմում է հեղինակը,— թափառում էր ինքը կուսական անտառի խորին թավուտներում, և նրան առաջնորդում էր մի ծերունի որսորդ։ Հանկարծ նրա ուղեկիցը կանգ առեց, ցույց տալով մի արծիվ, որ բարձրում սավառնում էր նրանց գլխի վրա. որսորդը նշան դրեց, և սպանված թռչունը ընկավ նրանց ոտների առջև. — Կայե՞ն, Կայե՜նս, — հանկարծ լսելի եղավ մեկի զորեղ ձայնը, և թփերի միջից հայտնվեցավ մի ծերունու օտարոտի կերպարանքը, երկայն ալեխառն մորուքով և նույնպիսի երկայն ալևոր մազերով, որոնք ծածանվում էին քամուց։ Հնամաշ հագուստը և դդմասրվակը, որ քարշ էր ընկած նրա կշտից, ցույց էին տալիս որ այդ անծանոթը այն տեսակ մարդիկներից մեկը պետք է լինի, որոնք հեռանում են մարդկային հասարակությունից, որոնք փախչում են կյանքի բոլոր հարմարություններից ու զվարճություններից։ «Ի՞նչ օգուտ ունեիք այդ անմեղ արարածի սպանության մեջ, Կայենի զավակներ»,— ասաց ծերունին, և նրա ու հեղինակի մեջ սկսվեցավ ջերմ խոսակցություն։ Ծերունին անապատական էր, այսինքն` պատկանում էր անապատականների աղանդին, որոնք բավական