Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս տեսակ պարկապզուկ ածողներ կան և մեր գրականության մեջ։ Դրանք համար արդարությանը, ճշմարտությունը ոչինչ նշանակություն չունին, դրանք միշտ պատրաստ են թեքվել դեպի այն կողմը, ուր շահերի հրապույրը ձգում է նրանց։

Սեփական խելք, սեփական համոզմունքներ չունին, դատում են ուրիշի խելքով, իրանց համոզմունքները փոխում են, որքան փոխվում են հանգամանքները։

Դրանք ցած, կեղտոտ և պատվի զգացմունքից բոլորովի զուրկ մարդիկ են…

Գրականության մեջ ոչինչ այնքան զզվելի չէ, որքան այդ վարձկան գրիչները, դրանք մի տեսակ ցինիկներ են, որ ում տանից հաց են ստանում, նրա օգտին էլ վայրահաչություններ են անում։

Այդ անամոթները չէին լինի և երբեք ձայն հանելու վստահություն չէին ունենա, եթե ընթերցող հասարակության մեջ զարգացած լիներ դատելու և լավը վատից, ճշմարիտը սուտից զանազանելու ընդունակությունը:

Բայց քանի որ ընթերցող հասարակությունը ամեն մի տպված խոսքին նշանակություն է տալիս, այդ դեպքում խարդախները, խաբեբաները, ստախոսները, ընթերցողներին մոլորության մեջ ձգողները ժամանակավոր հաջողություն են գտնում։

Զարգացած, լուսավոր հասարակությունների գրականության մեջ այդ տեսակները, անտարակույս, երևան գալու համարձակություն չէին ունենալ, իսկ մեր մեջ նրանք բազմությամբ վխտում են` քաջահույս լինելով, որ դեռ տիրում է խավարը և մթության խավարի մեջ նրանք մերկությունը, այլանդակությունը ոչ ոք չի նկատի։

Խոսքս մասնավորելով, ես կվերառնեմ մեր գրականության պարկապզուկ ածողներից մի քանիսին…

ՎԻՊԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՄԵՋ

Ռուսահայ նոր գրականության մեջ վիպագրության առաջին օրինակը տվեց Աբովյանը։ Նա դրեց մի դիրք միայն, և իր հետևից քարշ տվեք հետևողների մի ամբողջ շարք։ Նա գրեց ռամկական բարբառով, մյուսները նույնպես գրեցին ռամկական