Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարբառով։ Նա նկարագրեց գյուղական կյանքը, մյուսները նույնպես գյուղական կյանքի շրջանակի մեջ դրին իրանց նկարները։ Եվ այս բոլորը շատ բնական էր, որովհետև գրողները, առանց բացառության ամենքը գյուղացիներ էին, և գեղջկական կյանքի պատկերները ավելի մոտ էին թե նրանց սրտին և թե երևակայությանը։

Պետք է մի առանձին բախտ կամ հանգամանքների պատահական դիպված համարել, որ մեզանում վիպագրության առաջին հիմնաքարը դրեց մի ճշմարիտ վարպետ, մի լավ պատրաստված մարդ, որ ինքը գյուղացի լինելով, սկսեց գյուղից։ Եվ այսպես մեզանում դեռ քառասունական թվականներում, բոլորովին անգիտակցաբար ստեղծվեցավ այն, որ կոչվում է ժողովրդական գրականություն, և որը այժմ միայն սկսվել է ուրիշների մոտ կատարվել գիտակցաբար։

Բայց վիպագրությունը չէր կարող միշտ գեղջկական կյանքի նեղ, սահմանափակ շրջանակի մեջ մնալ, մանավանդ, որ Աբովյանից հետո չհայտնվեցան զորեղ տաղանդներ, որ ավելի խոր թափանցեին գյուղական կյանքի բոլոր ծալքերում և նրա մեջ նոր տարրեր, նոր երևույթներ գտնելով, ավելի հետաքրքիր դարձնեին իրանց աշխատությունները։ Թողյալ այդ, Աբովյանի հետևողները, Աբովյանի անշնորհք աշակերտները եղան։ Դրանց համար հայկական վեպ նշանակում էր այն, ինչ որ միմիայն հային է վերաբերում, առանց մտածելու, որ հայը յուր կյանքում շփվում է օտար ազգերի հետ, որոնք նրա դրացիներն են, և որոնք նրա հետ միասին բաժանում են կյանքի միևնույն հանգամանքները։ Աբովյանը յուր գրքի մեջ տեղ տվեց օտարազգիներին, բայց նրա հետևողները ազգասիրաբար մերժեցին նրանց։

Հայկական վեպ դրանց համար նշանակում էր, որ անպատճառ պետք է ներկա լիներ գյուղի տերտերը, գյուղի տանուտերը, գյուղի խալիֆան և շատ շատ դրանց հետ ավելացնում էին մի հարստահարիչ չարչի կամ վաշխառու։ Պատկերը ամբողջացած էր համարվում, և միևնույն տիպարները, մինը խյուսից առնելով, զանազան ձևերով ծամծմվում էին։ Եվ ով որ մի այսպիսի գիրք էր գրում, արդեն գրականական մանդարինի փառքը ստացած էր համարում։ Նրանց պահանջները սահման չունեին: Քնթները բարձրացրած զարմանում էին, թե ինչու ամեն կողմից մատով չեն ցույց տալիս նրանց։ Եվ եթե մարդիկ ուշադրություն չէին դարձնում, իրանք իրանց մատով ցույց տալու անհամեստությունն ևս ունեին։