Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեզանից առաք դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել տաճկահայերի կյանքի վրա: Մենք ցույց տվեցինք նրանց թշվառ դրությունը, մենք երևան հանեցինք նրանց կյանքի ամենատխուր պատկերները, երբ գրեցինք «Կայծերը», «Խենթը», «Ջալալեդդինը» և «Ղարիբ մշեցին»:

Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել Պարսկաստանի հայերի դրության վրա։ Մենք նկարեցինք նրանց աննախանձելի կյանքի պատկերները, երբ գրեցինք «Գեղեցիկ Վարդիկը», «Սովը», «Կուսադրությունը», «Անբախտ Հռիփսիմեն», «Մի օրավար հողը» և այլն։

Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել հասարակական կազմության մի բոլորովին նեխած, ապականված մասնի վրա, որ գործում էր մթին խորշերում։ Մենք երևան հանեցինք այդ անծանոթ հասարակությունը, երբ գրեցինք «Խաչագողի հիշատակարանը»։

Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել անցյալի վրա։ Մենք եղանք առաջինը, որ մտանք պատմության խորքերը և մոռացության վիհից ի լոիյս ածեցինք հայոց հին ժամանակների հերոսներին, երբ գրեցինք «Դավիթ Բեկը», «Պարույր Հայկազը», «Սամուելը» և թարգմանեցինք «Ղարաբաղի Աստղագետը»։

Մեզանից առաջ հայոց պատմությունը սկսվում էր Հայկից և վերջանում էր Լևոն Ք-ով։ Մենք եղանք առաջինը, որ անհայտության միջից գտանք մի կորած հայկական իշխանություն, երբ գրեցինք «Խամսայի մելիքությունները»։

Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան չէր մտածել օտար ազգերի կյանքը հայոց վեպի նյութ դարձնել։ Մենք տվեցինք առաջին օրինակը, երբ գրեցինք «Հարեմը», «Բիբի-Շարաբանին», «Խաղ-փուշները» և այլն։

Մենք չենք խոսում մեր զանազան ուղեգրությունների և ժողովրդական նկարագրների մասին, ինչպես են «Հայ կինը», «Հայ երիտասարդությունը» և այլն, բայց հանգիստ խղճով մեզ թույլ ենք տալիս ասել, որ երկար տարիների տոկուն աշխատությամբ` կարողացել ենք դնել հայ հասարակության ընթերցանության սեղանի վրա հիսունի չափ վեպեր, վեպիկներ և զանազան պատկերներ։

Մենք չենք ունեցել մեր նախորդը, այլ մեր հետևից քարշ ենք տվել մեր նոր գրողներին։ Մենք առաջինն ենք եղել, որ