Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարածված են Գալիցիայի ուղղափառ բնակիչների մեջ։ Անապատականների հիմնական սկզբունքները դրանք են. աշխարհը սատանայի թագավորությունն է, այդ պատճառով անապատականները փախչում են աշխարհից, փախչում են մարդկությունից, և այն ամենից, ինչ որ կայացնում է մարդկային կյանքի և գործունեության շահերը, որովհետև այդ բոլորի վրա ծանրանում է անեծք: Սերը, ձգտումը դեպի հարստություն և դեպի իշխանություն, և այն բոլորը, ինչ որ ուրախացնում է ու առաջ է մղում մարդուն նրա հասարակական և անհատական կյանքի մեջ, — այդ բոլորը Կայենի կտակն է, որ թողել է իր ժառանգներին, այդ բոլորը այնպիսի բաներ են, որոնցից ծագում են բոլոր չարիքները, բոլոր դժբախտությունների և բոլոր կորուստը մարդկության:

Միայն մահը կարող է խլել մարդու ձեռքից այդ անիծյալ ժառանգությունը, որը թունավորում է նրան. միայն մահը կարող է կատարելապես վերականգնել մարդու մեջ այն խաղաղությունը, որը մի ժամանակ վայելում էր նա բնության գրկում, և միայն մահը կրկին կվերադարձնե նրան այդ գրկի մեջ։ Ուրեմն, մահը է ցանկալի սահմանը, դեպի որը մեծ հուսով ձգտում է անապատականը և նրան սպասելով, նա պետք է այնպիսի կենցաղավարություն ունենա, որը ավելի նմանեցնե կենդանի մարդուն մեռյալի. այստեղից առաջ է գալիս ինքնուրացությունը, ճգնությունը և համբերությունը։

Այդ պատմությունը, որը իբրև առաջաբան, դրած է «Կայենի կտակի» սկզբում, բացատրում է միևնույն ժամանակ այդ անվան տակ զետեղված վեպիկների ամբողջ ծրագիրը, որոնց յուրաքանչյուրը առանձին վեր առնելով, ամեն մեկը ներկայացնում է բոլորովին լրացրած և ամբողջացրած պատկեր, իսկ բոլորը միասին զարգացնում են հեղինակի հիմնական գաղափարը, որի մասին հիշեցինք վերևում:

Մեր թարգմանած երեք վեպիկների մեջ Զախեր-Մաղոխը առաջ է բերում Կայենի ժառանգություններից մեկը, որ կտակել է նա ապագա սերունդին, դա է` կնոջ և տղամարդի սերը։ Այդ սկզբունքը պատկերացնում է նա հիշյալ վեպիկների մեջ, բայց պատկերացնում է իբրև չարության տարր իբր պատճառ մարդկային բոլոր դժախտությունների, և իբրև մի չարիք, որ սարսափելի կերպով ոչնչացնում է այն բոլորը, ինչ որ մարդիկ սովորեն համարել բարիք, մի խոսքով` իբրև Կայենի կտսկը իր թշվառ ժառանգներին։