Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնվում է հիշյալից մի քանի ժամ ճանապարհով հեռու, սուրբ Հակոբի վանքի հանդեպ։ Այդ բերդը արժանի է իր անվանը նա կոչվում է Կաչաղակաբերդ (Սաղսաղան֊կալասի), որովհետև սրաթռիչ կաչաղակները միայն կարող են բարձրանալ մինչև նրա սրածայր գագաթը, որ կորչում է ամպերի մեջ։ Վարանդայի մելիքի ամրոցը գտնվում էր Չանախչի (Ավետարանոց) ավանում, կուսանաց անապատի հանդեպ։ Տիզակի մելիքի ամրոցը գտնվում էր Տողավանում, Գտչի վանքի հանդեպ, որը բարձրացել է մինչև երկինքը։

Այդ երկրում աշխարհից հրաժարված աբեղաների վանքերի հանդեպ կանգնած էին իշխանական ամրոցները, նրանց սարսափելի բերդերը, իսկ խաչի հետ միացրած էր սուրը։ Մելիքների իշխանությունը ժառանգական էր. հոր մահից հետո տիրում էր անդրանիկ որդին և կոչվում էր մելիք, իսկ մյուս եղբայրները կոչվում էին բեկ: Օրենքի փոխարեն կառավարում էր տիրողի կամքը և ժողովրդական սովորությունները, որոնք դեռ պահպանված էին իրանց նահապետական ձևերի մեջ։ Մելիքները անսահման իրավունք ունեին իրանց հպատակների վրա, նրանց դատելու, պատժելու և մինչև անգամ մահվան դատապարտելու։

Մելիքները թե քաղաքական շահերով և թե խնամության կապերով միացած էին միմյանց հետ, և այսպիսով, Խամսայի բոլոր հինգ իշխանությունները կազմում էին մի ամբողջ դաշնակցական միություն։ Պատրաստված իրանց անմատչելի լեռնեցի և մթին անտառների մեջ, նրանք ոչ մի մահմեդականի թույլ չէին տալիս բնակություն հաստատելու իրանց երկրներում և ամբողջ Ղարաբաղի ազգաբնակությունը բաղկացած էր միայն հայերից, որոնց քանակությունը բազմաթիվ էր։

Այժմ դառնանք Խամսայի հինդ գավառների տիրապետող մելիքների ծագմանը։

II

1. Գյուլիստանի Մելիք֊Բեգլարյանների ծագումը[1]:

Մելիք-Բեգլարյանները բնիկ ուտեացիներ են, Նիժ Գյուղից։ Թե ի՞նչ հանգամանքներ ստիպեցին նրանց թողնել իրանց

  1. Մեր ձեռքում գտնված մի գրչագիր պատմություն Մելիք֊Բեգլարյանների ծագումը դուրս է բերում Աղվանից ամենահին թագավորների մեկից Առանից, որ ապրում էր Քրիստոսից շատ առաջ: Այդ ենթադրությունը խիստ ստուգության կարոտ է։