Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միլիք-Թամրազը իր բնակության տեղ ընտրեց Հոռեկա վանքի մոտ գտնված պալատ[1] և վարում էր իր իշխանությունը ոչ իբրև ժամանակավոր հոգաբարձու, այլ որպես լիակատար տերը: Նա խիստ դաժան մարդ էր և անգութ: Մտադրված լինելով իսպառ զրկել պատանի Յուսուբին հոր ժառանգությունից, նա սկսեց հետզհետե ճնշել, հարստահտրել նրան, մինչև անգամ մտածում էր իր եղբորորդու կյանքի դեմ որոգայթ լարել, որ իշխանությունը միանգամայն իրան մնա: Պատանի Յուսուբը ապրում էր Գյուլիստանի բերդում իր մոր հետ, անախանձելի վիճակի մեջ:

Այդ միջոցներում Շահ-Սուլթան-Հուսեինի հարկահաներից մեկը, որ կոչվում էր Միրզա-Թահիր, և որը ատրպատականի վեզիր էր, Դերբենդից սկսյալ արքունի հարկերը հավաքելով, գալիս է, հասնում է Գանձակի և Ղարաբաղի կողմերը: Մելիք-Թամրազը ընդունում է նրան իր տանը, և կամենալով շողոքորտել պարսից կառավարությանը, հրամայում է իր ժողովրդից ևս ավելորդությամբ հավաքել հարկերը, որը մինչև այնօր վճարելու սովորություն չունեին: Այդ բավական չէ. նա կամենում է մի արժանավոր ընծա տալ իր հյուրին նրա սիրտը գրավելու համար:

«Իմ եղբոր հրացանը, ասում է նրան, գտնվում է իմ եղբորորդու Յուսուբի ձեռքում. այդ զենքը մի հայզվագույտ բան է, և շահի գանձարանին վայել է»:

Պարսիկը խաբելությամբ կանչել է տալիս Յուսուբին և խնդրում է, որ հոր հրացանը բերե տեսնելու համար: Երբ նա բերում է, ձեռքից առնելով, ասում է նրան. «այդ հրացանը շահի գանձարանին է վայել և ոչ թե քեզ». այլևս ետ չէ տալիս:

Մանկահասակ Յուսուբը բարկության արտասունքը աչքերում վերադառնում է մոր մոտ, պատմում է նրան այդ անցքը: Մայրը սաստիկ վշտանում է. նրան մնացել էր իր ամուսնի ժառանգությունից այդ նվիրական զենքը միայն, որ մի թանկագին հիշատակ էր նրա քաջագործությանը: Որդու սրտմտությունը ավելի սաստկանում է, երբ լսում է մոր հանդիմանությունը. «Քաջ հոր անարժան որդի, լավ էր, որ քո սպանված դիակը ինձ մոտ բերին, և ասին, որ դու կռվեցար, քո հոր հիշատակը չկորցնելու համար»:

  1. Այդ հոյակապ պալատը կիսավեր դրության մեջ մնում է մինչև այսօր. նա մի խոսուն վկա է Գյուլիստանի վաղեմի փառքի և զորության