Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես կվերադարձնեմ հորս հրացանը...,— ասում է որդին, և խնդրում է մորից, որ իրան փող տա մի քանի զենքեր գնելու համար։ Մայրը տալիս է նրան իր գլխի ոսկիներից մի քանիսը։

Պարսիկ հարկահանը, հավաքելով տեղային հարկերը, բեռնում է ջորիների վրա ե իր նոքարների հետ ճանապարհ է ընկնում: Այլ ժամանակ մանկահասակ Յուսուբը, մի խումբ կազմելով իր բարեկամ երիտասարդներից, ծածուկ հետևում է հարկահանին։ Հարձակման պայմանական նշանը որոշվում է «ծըկըտ» բառը, իսկ դադարման նշանը՝ «մրկըտ» բառը։ Երբ հարկահանը մտնում է Թարթար գետի նեղ ձորի մեջ, «ծըկըտ» կոչելով, Յուսուբը տալիս է հարձակման նշանը։ Նա իր ձեռքով կտրում է պարսիկի գլուխը և խլում է նրանից իր հոր հրացանը[1]:

Նրա ջորիների բեռները, որ բովանդակում էին իրանց մեջ ամբողջ գավառներից հավաքած ոսկիները, ավար դարձան մանկահասակ Յուսուբի և նրա քաջ ընկերների ձեռքով։ Նրա նոքարների մի մասը կոտորեցին, իսկ փախչողները ազատվեցան։

Երիտասարդ Յուսուբը, իր հափշտակած գանձը առնելով, ամրացավ Գյուլիստանի բերդում։ Նրա վարմունքը մնաց անպատիժ, որովհետև, որպես հետո կտեսնենք, այդ միջոցներում Պարսկաստանում մեծ խռովություններ և փոփոխություններ պատահեցան։ Շահ-Սուլթան-Հուսեինը գահընկեց եղավ, ավզանները տիրեցին պարսից մայրաքաղաքին. և այդ Ժամանակվա պատերազմական շփոթությունների մեջ, ո՞վ պիտի մտածեր, թե Ղարաբաղի կողմերում մի այդպիսի անցք էր պատահել։

Երիտասարդ Յուսուբը հարստության տեր դառնալով, սկսեց օրըստօրե զորացնել իր ուժերը: Նա դաշնակցություն կապեց Ջրաբերդի մելիք Աթամի հետ, որի հարաբերությունները իր հորեղբոր`՝ Մելիք-Թամրազի, հետ բարեկամական չէին։ Այժմ մտածում էր ոչ միայն խլել նրանից Գյուլիստանի իշխանությունը, որ նա բռնությամբ հափշտակել էր, այլ ցանկանում էր վրեժխնդիր լինել այն բոլոր անիրավությունների և զրկանքների համար, որ իր անգութ հոգաբարձուն, Մելիք-Թամրազը, կատարել էր, երբ ինքը դեռ անչափահաս էր։ Միանալով Մելիք-Աթամի հետ, երիտասարդ Յուսուբը հարձակվեցավ Մելիք֊Թամրազի ամրոցի վրա։ Մի քանի

  1. Այդ հրացանը հետո Մելիք֊Բեգլարյանների ժառանգները վաճառեցին 1000 ռուբլով գեներալ Երմոլովին և նա ուղարկեց Ս. Պետերրուրգի Արուժեյնի պալատը։