Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրվա սաստիկ կռիվներից հետո ամրոցը գրավվեցավ և մելիք-Թամրազը գերի բռնվեցավ։ Յուսուբը հրամայեց նրան կախ տալ մի չինարի ծառից[1] և ինքը այնուհետև սկսեց կառավարել Գյուլիստանի իշխանությունը։ Մելիք-Թամրազից մնաց մի որդի Սարուխան-բեկ անունով, որը 1723 թ. հայոց գունդերի չորս քաջ զորապետներից մեկն էր։

Մելիք-Յուսուբի մայրը, խելացի Ղամար-Սոլթանը, որ իր խորհուրդներով ոչ սակավ օգնեց որդու բարձրանալուն, վախճանվեցավ 1753թ.։ Նրա մարմինը թաղվեցավ Մելիք-Բեգլարյանների տոհմային գերեզմանատանը Հոռեկա վանքի հանդեպ։

Մելիք-Բեգլարյանների մնացած պատմությունը ժամանակագրական կարգով կտեսնեք մեր հոդվածի շարունակության մեջ։

2. Ջրաբերդի Մելիք-Իսրայանների ծագումը։

Ջրաբերդի Մելիք-Իսրայալնների ծագման մասին մենք շատ փոքր տեղեկություններ ունեք։ Մի գրչագիր պատմությունից քաղում ենք այսքանը միյայն, թե Մելիք-Իսրայելի որդի Մելիք-Եսային Սյունյաց աշխարհի գլխավոր խանին (?) սպանելու համար, որը անբարոյական նպատակներ ուներ նրա քրոջ վերաբերությամբ, 1687 թ. գաղթում է Ղարաբաղ, բերելով իր հետ բազմաթիվ ընտանիքներ։ Խանի զորքերը հետամուտ են լինում նրան, բայց Մելիք-Եսային Մռավ լեռան ձորերի մեջ ջարդում է նրանց, և սպանում է խանի յոթ որդիներին, հապշտակելով նրանցից ահագին պատերազմական ավար, իսկ մնացածներին Հանդաբերդի և Ծար գավառի կողմերից փախցնում է։

Այնուհետև Մռավ սարի լեռնաբնակներին և վրանաբնականներին հետզհետե դեպի ինքը գրավելով, Մելիք-Եսային ավելի զորանում է, տիրում է Կուանք կոչված ձորին և սկսյալ Ռմբոստյան լեռներից մինչև Դյութական գյուղը, որ այժմ կոչվում է Կաթուղկասար, տարածում է իր տիրապետությունը։

Մելիք-Եսայու մահից հետո նրան հաջորդում են մյուս եղբայրներն, նախ՝ Ալլահ-ղուլի-սուլթանը, հետո՝ Մելիք-Աթամը։ Դրանք ավելի զորանալով, տիրում են Վերին Խաչենին, Հանդաբերդին, Հաթերքին, Ականային և Ջրաբերդին, այսպիսով ավելի ևս ընդարձակում են իրանց իշխանությունը։

Ալլահ-ղուլի սոլթանը, որպես կտեսնենք, դավաճանությամբ

  1. Այդ չինարի հինավուրց ծառը մինչև այսօր ցույց են տալիս Գյուլիստանի և Ջրաբերդի սահմանի վրա, և կոչվում է «Ղանլու չինար», որ նշանակում է արյունոտ չինարի։