սպանվեցավ Շուշի բերդի Փանահ խանի ձեռքով, իսկ Մելիք-Աթամը երկար պատերազմեց այդ խանի հետ։
Մելիք-Աթամը իր բնակության համար նորոգեց քաղաքատեղ կամ մայրաքաղաք կոչված ավերակների մոտ մի հոյակապ պալատ, որի մեջ տասներկուերորդ դարու վերջերում բնակվում էր Խաչենի և Շամքորի իշխան Վահրամ շահը։ Իսկ որպես ամրոց ընտրեց իր համար անմատչելի Ջրաբերդը[1]։
3. Խաչենի Հասան-Ջալալյան մելիքների ծագումը։
Ղարաբաղի տիրապետող հինգ մելիքական տներից միայն Խաչենի իշղողները բնիկներ են եղել, իսկ մնացած չորսը, որպես տեսանք և որպես հետո պիտի տեսնենք, օտար երկրներից գաղթականներ էին։
Խաչենի Հասան-Ջալալյան մելիքների ծագումը շատ հին պետք է համարել. նրանք առաջ են եկել Հասան-Ջալալյան իշխաններից։ Դարերի ընթացքում այնքան բազմացել և ճյուղավորվել էին նրանք, որ Խաչենի փոքրիկ գավառը ամենամանր կտորներով բաժանված էր այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում, որոնք բնականաբար շատ հաշտ չէին կարող լինել միմյանց հետ։ Այդ էր պատճառը նրանց վերջին ժամանակների թուլության, որ չէին կազմում մի զորեղ, միացյալ իշխանություն։ Բացի դրանից, միևնույն տոհմից ընտրվում էին Գանձասարի վանքի կաթողիկոսները, որոնց ճնշման ներքո այս երկրի մելիքները շատ չէին զորանում։
Տասն և վեցերորդ դարում Հասան-Ջալալայան իշխաններից նշանավոր էին երեք եղբայրներ՝ Երեմյա կաթողիկոսը, Վելիջան-բեկ 3-ը և Մուլքի-բեկը։
Երեմյա կաթողիկոսը վախճանվեցավ 1700 թվին։ Վելիջան-բեկը վախճանվեցավ 1686 թվին և նրա որդի Եսային Երեմյայի փոխարեն կաթողիկոս դարձավ։ (Դա միևնույն Եսայի կաթողիկոսն է, որ ինչպես հետո պիտի տեսնենք, Պետրոս Մեծի ժամանակ սկսեց ռուսաց կառավարության հետ բանակցություններ անել Ղարաբաղում հայոց անկախ իշխանություն հիմնելու համար, ռուսաց հովանավորության ներքո)։ Իսկ Մուլքի-բեկը վախճանվեցավ 1716 թվին և թողեց երկու որդի. երեցը կոչվում էր Մելիք-Գրիգոր, կրտսերը կոչվում էր Մելիք-Ալլահվերդի։
- ↑ Մելիք-Աթամը ուներ մի քանի ամրոցներ, որոնցից մեկը արդեն ամբողջությամբ մնում է Կսապատ և Հին-Մոխրաթաղ գյուղերի մոտ, Իննմասանց անապատի հանդեպ։ Այդ գեղեցիկ շենքը կարող է բավական լույս ձգել մեր նախնիքների ճարտարապետական ճաշակի վերաբերությամբ։