Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որպես արևելքի հետ լավ ծանոթ մարդ, Օրին ցույց տվեց կայսրին Հայաստանի քարտեզը, ծանոթացրեց նրան հայոց հին պատմության և թագավորների[1] հետ և բացատրեց այն օգուտները, որ կայսրը կարող էր ունենալ Հայաստանը իր հովանավորության ներքո առնելով։ Նա հայտնեց, որ ինքը դիմել է եվրոպական և այլ պետություններին և արդեն ստացել է Ավստրիայի կայսրի ու Բավարիայի կուրֆիրստի հաճությունը, իրանց ուժերը միացնելու ռուսների հետ, Հայաստանի վերականգնման գործը հաջողեցնելու համար։

Մեծ կայսրի արծվի աչքերը իսկույն նախադիտեցին այն մեծ շահերը, որ նա կարող էր քաղել, ձեռք առնելով մի ճարպիկ առևտրական և միևնույն ժամանակ պատերազմող ժողովուրդ, որի հետ ծանոթ էր նա դեռ իր երիտասարդական հասակում[2]: Նրա աշխարհակալական ցանկությունների համար դեպի արևելք, նրա հեռատես նպատակների համար կապելու Հնդկաստանը Ռուսաստանի հետ առևտրական հարաբերություններով, հարկավոր էին հմուտ միջնորդներ և լավ առաջնորդներ,— այդ գործիչներին նա գտնում էր հայերի մեջ: Այդ էր պատճառը, որ նա խիստ սիրով ընդունեց հայոց պատգամավորների առաջարկությունը և խոստացավ չխնայել իր օգնությունը հայերի իրանց հայրենիքի վերաբերությամբ ունեցած դիտավորությունները իրագործելու համար:

Բայց արևելքում մի վճռական գործ սկսելու համար Պետրոս Մեծը ժամանակ չուներ, որովհետև նա զբաղված էր շվեդական պատերազմով, որը այդ միջոցներում ավելի սաստիկ կերպով բորբոքված էր։ Բացի դրանից, նա հարկավոր համարեց ավելի լավ ծանոթանալ Պարսկաստանի նույն ժամանակվա գրության և քաղաքական հանգամանքների հետ։ Այդ մտքով Պետրոս Մեծը կազմեց մի դեսպանություն, որի լիազորը կարգվեցավ նույնիսկ Իսրայել Օրին[3] և ճանապարհ դրեց դեպի Պարսկաստան (1707) Շահ-Սուլթան-Հուսեինի մոտ։

  1. Մինչև այսօր Գանձասարի վանքի գրադարանում կարելի է տեսնել հայոց թագավորների ձիթանկար պատկերների մնացորդները, որ պատրաստվեցան այն ժամանակ Եվրոպայի թագավորներին ներկայացնելու համար:
  2. Մեծն Պետրոս արտասահմանում գտնված ժամանակ, Հոլանդիայում ծանոթացավ մի Աբբու անունով զմյուռնացի վաճառականի հետ, որին հետո հրավի Ռուսաստանում առևտուր անելու
  3. Իսրայել Օրին այդ ժամանակ պալկովնիկի աստիճան էր ստացել