Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա ընկեր Մինաս վարդապետը մնաց Ռուսաստանում և շարունակում էր բանակցությունները Գանձասարի վանքի «հայոց ժողովի» կողմից ռուսաց արքունիքի հետ:

Օրին իր Պարսկաստանի ճանապարհորդությունը կատարեց Հայաստանի վրայով, անցավ Շամախու, Ղարարաղի, Նախիջևանի կողմերով, որպեսզի ավելի մոտից տեսնե հայոց պատրաստությունները, խրախուսե նրանց և գրգռե պարսից դեմ հօգուտ Ռուսաստանի:

Բայց չնայելով, որ նրա դեսպանախումբը ծածկված էր Հռոմի պապի դեսպանության անմեղ անունով, որը արևելքում որևէ քաղաքական շահեր ունենալ չէր կարող, այսուամենայնիվ, մինչև Օրիի պարսից մայրաքաղաքը հասնելը, Շամախու կառավարիչ Մուսաբեկյան Հյուսեին֊խանը[1] իմացում տվեց շահին, որ այդ Օրին աշխատում է հայոց թագավորություն հիմնել, պարսիկների իշխանությունը ոչնչացնել և այլն։ Այդ տեղեկությունները ստանալուց հետո, շահը այն աստիճան վրդովվեցավ, որ մինչև անգամ չէր կամենում ընդունել պապի պատրվակյալ դեսպանությունը: Բայց Օրին մի լավ դիպլոմատի հատուկ ճարպկությամբ կարողացավ փարատել շահի տարակուսանքները և Սպահանում փառավորն փառավոր ընդունելություն գտավ։

Օրին մնաց Սպահանում մի քանի տարի։ Այդ միջոցներում նրան հաջողվեցավ կատարել կայսրի զանազան հանձնարարությունները, հաջողվեցավ հավաքել նրա ցանկացած բոլոր տեղեկությունները և գաղտնի ուղարկել Ռուսաստան իր ընկեր Մինաս վարդապետին, որը իր կողմից ներկայացնում էր կայսրին։

Իր դեսպանության խորհուրդը հաջողությամբ կատարելուց հետո, Օրին վերադարձավ Ռուսաստան, տանելով իր հետ 200,000 ռուբլու արժեք ունեցող ընծաներ պարսից շահի կողմից Պետրոս Մեծին:

Կայսրը այնքան գոհ մնաց դեսպանի գործակատարության համար, որ խոստացավ տալ նրան 40 հազար զինվորներ իր հայրենիքը ազատելու համար, իսկ նրա Պարսկաստանից բերած

  1. Այդ Հյուսեին-խանը ագուլեցի էր, ազգով հայ, Մուսաբեկյանք տնից, մի եղբայրը, որ կոչվում էր Մեհմետ-Ղուլի֊խան, նույն ժամանակ Երևանում պարսից փոխարքա էր: Այդ վերջինը մեծ տուգանքի ենթարկեց էջմիածնի վանքը, կասկածեց, որ Աստվածատուր կաթողիկոսը գաղտնի բանակցություններ ունի վրաց իշխանների հետ և կամենում է միանալ նրանց հետ Հայաստանը պարսից լծից ազատելու համար: Առհասարակ մահմեդականություն ընդունած Մուսաբեկյան եղբայրները մեծ վնաս տվեցին հայոց ապստամբության գործին