Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքերը. «Ստեղծի՛ր, արհեստագետ, բայց մի խոսիր»։ — Հեղինակը սկսեց պատասխանել իր հակառակորդներին «Կայենի կտակի» շարունակությամբ, և մինը մյուսի ետևից ի լույս ածեց ավելի և ավելի հետաքրքիր պատկերներ։ Այդ պատկերների մեջ խիստ կենդանի կերպով նկարված է այն անխոնջ ու մշտական մաքառումը, որ կատարվում է մարդկության աղքատ և հարուստ դասակարգերի մեջ, և ամեն քայլում հանդիպում են ամենասոսկալի կոտորածների և վրեժխնդրության տեսարաններ։ Կարծեմ, ոչ ոք չէ կարողացել այնպես կենդանի և այնպես ազդու կերպով նկարագրել մարդկային բնավորության վայրենի բնազդումները, որպես այդ հաջողվել է Զախեր-Մազոխին։ Այդ դեպքում նա շատ նման է ամերիկացի մատենագիր Բրետ֊Գարտին, որին նա ինքը շատ բարձրացնում է, բայց որից նա շատ գերազանցում է իր տաղանդով։

Կրիտիկան թեև անարդար գտնվեցավ դեպի հարգելի հեղինակը, բայց անցյալ տարի, երբ տոնվեցավ նրա հոբելյանը, համարյա ամբողջ լուսավոր աշխարհը ցույց տվեց նրան իր խորին համակրությունը նրա արդար և անաչառ գրական գործունսության համար։


ՀԱՅԵՐԸ ՔԱԲՈՒԼԻ ՄԵՋ[1]

Անգլիայում հրատարակվող մի օրագրի մեջ տպվեցավ մի հոդված վերոհիշյալ վերնագրով, որի հեղինակն է Հնդկաստանի Փեշավոր քաղաքում բնակվող մստեր Հյուզը։ Այդ պարոնը մի քանի բարեկամների հետ Փեշավոր քաղաքում ավղանների համար հիմնած ուներ մի դպրոց և ինքը մի քանի ամիս առաջ անձամբ գնացած էր Քաբուլ։ Քաբուլի մեջ նրա գտած հայերը մեր ամենիս համար հետաքրքրական լինելով, հարկավոր ենք համարում մի քանի քաղվածքներ անել նրա հոդվածից։

Պատվելի ճանապարհորդի հաղորդած տեղեկությունների համեմատ, սկսյալ Նադիր շահի օրերից (1738 ամ.), Քաբուլում կա հայոց մի եկեղեցի, որ գտնվում է Բալահիսար կոչված

  1. Այդ հոդվածը տպվեցավ Կ. Պոլսի հայերեն տառերով և թուրքերեն լեզվով հրատարակվող «Մանգումեի էֆքյար» լրագրի մեջ: