Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղի մելիքները այդ ժամանակ դիմեցին վրաց թագավոր Գիորգի֊Շահնավազին, խնդրելով, որ տա իրանց մի հմուտ և ընդունակ զորավար հայոց զորքերին առաջնորդելու համար։ Թագավորը ընտրեց հայազգի իշխան Դավիթ Բեկին[1], որը այն ժամանակ վրաց ծառայության մեջ էր գտնվում։ Դավիթ Բեկը եկավ Ղարաբաղ (1722) և ժողովեց մինչև 60 հազար զորք, որոնց վրա զորապետներ կարգեց Մելիք֊Ավան֊խանին (Մելիք֊ Եգանին) և Ավան -Միրզային (Ավան-Յուզբաշուն), իսկ ինքը իր գլխավոր զորաբաժնի հետ գնաց դեպի Ղափանի նահանգը Չավնդուր կոչված տեղում, որը իշխանի հայրենիքն էր։

Պետրոս Մեծի նոր արշավանքի նշանավոր պատրաստությունները դեպի Պարսկաստան մի կողմից, և Դավիթ Բեկի գործողությունները մյուս կողմից, առիթ տվեցին էրզրումի օսմանցոց փաշային բեկից բացատրություններ պահանջել Ղարաբաղի հայ զորքերի հավաքման մասին։ Գործը այն աստիճան ակներև ձև էր ստացել և ռուսների խոստմունքները այն աստիճան անկասկած էին համարվում, որ Դավիթ Բեկը, որքան էլ ցանկանար, ծածկել չէր կարող։ Նա համարձակ պատասխանեց, թե այդ բոլորը կատարում է թագավոր Պետրոս Մեծի հրամանով: Այդ ժամանակ օսմտնցիները փութապես սկսեցին գրավել իրանց սահմանակից պարսկական երկրները և տիրեցին Երևանից սկսյալ մինչև Թավրիզ, որպեսզի արգելք դնեն մեծ թագավորի արշավանքի հաջողությունների դեմ։

Դավիթ Բեկը և հայոց մյուս մելիքները, տեսնելով օսմանցոց ուժերի մոտենալը, որը իրանց նպատակներին միանգամայն վտանգ էր սպառնում,— շուտով այդ մասին տեղեկություն տվին Պետրոս Մեծին, խնդրելով, որ չուշանա, այլ փութացնե իր արշավանքը։ Կայսրը այս անգամ չուշացավ, նա իսկույն հրամայեց իր զորքերին (թվով 30 000) առաջ խաղալ դեպի պարսից սահմանը, իսկ ինքը, զորքերի ճանապարհ ընկնելուց հետո, անձամբ գնաց Դերբենդ (1722 թ. օգոստոսի 23)։

Մինչև Պետրոս Մեծի Դերբենդ հասնելը, հայերը և վրացիները, առաջուց բանակ դրած Գանձակ քաղաքի մոտ, սպասում էին ընդունելու կայսրին։ Վրաց զորքերը գտնվում էին Շահնավազ- Գիորգիի երկրորդ հաջորդ Վախթանգի հրամանատարության ներքո, իսկ հայոց զորքերը Դավիթ Բեկի հրամանատարության ներքո։

  1. Դա միևնույն անձնավորությունն է, որ մեր «Դավիթ֊Բեկ» անունով վեպի մեջ ներկայանում է որպես հերոս