Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկու կողմերի զորքերի թիվր հասնում էր 52 000 հոգու: Հայոց քանակի մեջ գտնվում էր հայոց շարժման պարագլուխ Գանձասարի Եսայի կաթողիկոսը[1]: Բայց այդ փառավոր պատրաստությունը, թե հայոց և թե վրաց կողմից, մնաց անգործադրելի, որովհետև, հանկարծ մի տխուր յուր ստացվեցավ, որ կայսրը Դերբենդից վերադարձել է Աստրախան և այնտեղից Ռուսաստան։

Կայսրի անակնկալ վերադարձի պատճառները բացատրում էին նրանով, որ մրրիկը Կասպից ծովի վրա մեծ մասամբ ոչնչացրեց նրա նավերը, որոնք զորքերի համար պաշար էին կրում, և կայսրը վախեցավ իր զորքերի սովամահ լինելուց, եթե նրանց դուրս կբերե Հայաստանի կողմերի ցամաքի վրա։ Բայց այսքանը ճիշտ է, որ նա Աստրախանից ուղարկեց մի քանի գունդեր, որոնք պոլկովնիկ Շիպովի և գեներալ Մատյուշկինի առաջնորդությամբ ոտք կոխեցին Կասպից ծովի հարավային եզերքի վրա և գրավեցին մի քանի պարսկական գավառներ, որպես էին` Գիլանը, Մազանդարանը, Աստրապատը և Բաքուն։

Հայոց և վրաց զորքերը, տխուր, սրտաբեկ, խաբված իրանց հույսերի մեջ, վերադարձան իրանց տեղերը Վախթանգը գնաց Թիֆլիս և աղետալի դեպքերի պատահեց[2], իսկ Դավիթ Բեկը դիմեց դեպի Սյունյաց աշխարհը։

  1. Այդ երևելի հոգևորականը, որ իր ժամանակի անցքերի ոչ միայն ականատեսը, այլ գլխավոր գործիչն էր, օրագրության ձևով գրեց բոլոր անցքերի մանրամասն և ընդարձակ պատմությունը։ 1839 թվին Բաղդասար միտրոպոլիտը Շուշի քաղաքում տպագրել տվեց այդ պատմությունը, բայց սաստիկ համառոտած և անխնա կերպով կրճատած։ Մենք այժմ ավելորդ ենք համարում բայցատրել, թե ի՞նչ նպատակով է կատարել հանգուցյալ միտրոպոլիտը այդ գրականության սպանությունը, միայն այսքանը կասենք, որ Եսայի կաթողիկոսի պատմության իսկականը շատ ընդարձակ է եղել, ինչպես երևում է այդ մեր ձեռքը հասած մի գրչագրի օրինակից, որը դժբախտաբար կիսով չափ փտած է։ Ցանկալի կլիներ, որ գտնվեր այդ աշխատության ամբողջը և դա առատ նյութ կտաք մեր նոր պատմությանը
  2. Նազար-Ալի-խանի (Հերակլ 1) որդի Մահմադ֊Ղուլի֊խանը (Կոստանդին I), որը իր հոր և եղբոր Իմամ-Ղուլի-խանի (Դավիթ III) նման մահմեդականություն ընդունելով, ստացել էր պարսից շահի Կախեթիայի իշխանությունը, այդ չարագործը, դիմեց լեզգիների գլխավոր Ալի-սոլթանին, խոստացավ նրա զորքերի յուրաքանչյուրին 3 թուման վարձ տալ, եթե նրանք կօգնեն իրան Թիֆլիսին տիրելու և Վախթանգին սպանելու գործում, Լեզգիները կատարեցին նրա խնդիրքը, Թիֆլիսը գրավեցին և Վախթանգը փախավ դեպի Իմերեթիայի կողմերը։ Բայց Մահմադ-Ղուլի ֊խանը չկարողացավ վճարել իր խոստացած վարձատրությունը, թույլ տվեց, որ լեզգիները դրա փոխարեն կողոպտեն ամբողջ քաղաքը բարբարոսների ավարառության դարձավ