Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

VII

Այդ անհաջողությունը սաստիկ վատթարացրեց հայերի սկսած գործը։ Մինչև այնօր նրանք պարծենում էին ռուսներով, սպառնալիքներ էին կարդում մահմեդականներին մեծ թագավորի անունով, հենց որ մահմեդականները նկատեցին, որ այդ բոլորը երևակայական ցնորք էր, սկսեցին ավելի կատաղությամբ բռնանալ քրիստոնյաների վրա։

Հենց միևնույն ժամանակ (1723), երբ ռուսները տիրեցին պարսից ծովեզերյա գավառները, օսմանցիք սկսեցին առաջ խաղալ դեպի Հայաստանի խորքը։ Տիրելով Նախիջևանը, Երևանը, Փիֆլիսը և Գանձակը, նրանք հասան Ղարաբաղին:

Սարի֊Մուստաֆա֊փաշան, որ դեպի Ղարաբաղի կողմերը ուղարկված օսմանցոց գունդերի հրամանատարն էր, նստած էր Գանձակ քաղաքում և իր զորքերը տարածել էր դեպի ամեն կողմ։ Հայոց մելիքները, այժմ սարսափելով տեսան, որ թուլացած, ուժից ընկած պարսիկների փոխարեն հայտնվեցավ մի նոր և ավելի զորավոր թշնամի, որ կարող էր ոչնչացնել նրանց բոլոր հույսերը։

Նրանք իրանց դաշնակից Վախթանգի[1] հետ փորձեցին երրորդ անգամ դիմել կայսրին, օգնություն խնդրելով օսմանցիների դեմ։ Բայց կայսրը այդ ժամանակ այլևս վերականգնել Հայաստանի անկախության վրա չէր մտածում, այլ մտածում էր ավելի նրա վրա, որ նոր գրաված պարսկական ծովեզերյա երկրները` Գիլանը և Մազանդարանը բնակեցնե մի քրիստոնյա և հավատարիմ ժողովրդով, որպես էին հայերը։ Այդ ժողովրդի ընտիր զորապետները իրանց հայկական գունդերով նպաստեցին նրան հիշյալ երկրները տիրապետելու ժամանակ, այդ ժողովրդից դուրս եկած խելացի քաղաքագետները ճանապարհ ցույց տվին նրան, առաջնորդեցին, և համարյա առանց պատերազմի գրավեցան հիշյալ երկրները,— այժմ կայսրը ցանկանում էր, որ նույն ժողովուրդը թողներ իր սիրելի հայրենիքը, որի վերածնության մասին այնքան ոգևորված էր և գաղթեր մի անծանոթ և հեռու աշխարհ։ Այդ ժողովուրդը պետք էր այդ նոր աշխարհի համար, նա հավատարիմ էր, հլու էր, և գլխավորն այն է, որ նրա ձեռքումն էր արևելքի վաճառականությունը և նրա միջոցով մեծ կ այսրր կարող էր

  1. Թիֆլիսը գրավված չինելով օսմանցիներից, Վախթանգը այդ ժամանակ հալածված էր իր հայրենիքից և գտնվում էր Իմերեթիայի կողմերում, հետո բոլորովին հուսահատված, իր ընտանիքով գնաց Մոսկվա