Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործել իր մեծ նպատակները` արևելքի վաճառականությունը կապել Եվրոպայի հետ Ռուսաստանի վրայով և իր պետությանը մի նոր կյանք տար:

Բայց որպես հայերը, նույնպես և վրացիները չէին դադարում կայսրի պաշտպանությունը խնդրել իրանց հայրենիքի փրկության համար։ Նրանք ավելի բարվոք էին համարում մնալ իրանց հայրենիքում, միայն ազատ լինել մահմեդական լծից։

Իսկ այդ միշոցներում կատարվեցան մի քանի դիպլոմատիական կապակցություններ, որոնք իսպառ զրկեցին թե հայերին և թե վրացիներին իրանց բաղձանքներից։

Հենց նույն ժամանակ, երբ կայսրը Աստրախանից վերադարձավ Ս. Պետերբուրգ (1723, 3 սեպտեմ.), այնտեղ եկավ Շահ-Թահմասի[1] դեսպանը, ռուսաց և պարսից մեջ խաղաղության դաշն կապվեցավ, որի հիման վրա պարսիկները թողեցին ռուսների տիրապետության ներքո Դերբենդ և Բաքու քաղաքները, այլև Գիլանի, Մազանդարանի և Աստրաբատի նահանգները, իսկ կայսրը իր կողմից պարտավորվեցավ զորք ուղարկել Շահ-Թահմասին օգնելու համար ավղանների և օսմանցիների դեմ։ Թեև այդ դաշնագրին վերքը չստորագրեց շահը, այսուամենայնիվ, օսմանցիները սաստիկ վրդովվեցան, երբ նկատեցին ռուսների միջամտությունը պարսից գործերի մեջ։ Բայց կայսրը հանգստացրեց նրանց, Բ. Դռան հետ կապած իր դաշնադրությամբ (1724, 12 հունիսի), որի հիման վրա համաձայնվեցավ, որ օսմանցիք տիրեին Վրաստանին, ստորին Դաղստանին և հայոց նահանգներին, որպես էին` ամբողջ Ատրպատականը, Նախիջևանը, Երևանը, Գանձակը, Ղաբաբաղը և այլն, մինչև Շիրվանի մի մասը։ Այդ դաշնագրության զորությամբ իզուր էին հայերի հույսերը Ռուսաստանից օգնություն սպասել, որովհետև որքան էլ ցանկանային ռուսները, չէին կարող օգնել։

Այդ էր պատճառը, երբ հայոց կաթողիկոսները և մելիքները կրկին անգամ դիմեցին Պետրոս Մեծին, իր հրովարտակով (1824, 10 նոյեմ.), կայսրը բարեհաճեց հայերին ընդունել իր բարձր հովանավորության ներքո և ամենաողորմածաբար հրամայեց Դերբենդի բերդապահ գեներալ Կրոպոտովին, որ հայերին բնակության տեղ տա Սուրբ Խաշ բերդի մոտ, Սուլակու, Ագրախանա և Թերեկ գետերի ափերի մոտ։ Միևնույն ժամանակ կայսրի կանցլեր գրաֆ Գավրիլո Գոլովկինը գաղտնի հրահանգներ է

  1. Շահ֊Թահմաար Շահ-Սոլթան-Հուսեինի որդին էր