Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև հայերը մի քանի անգամ կրկնեցին իրանց խնդիրները, բայց ոչ ոք նրանց օգնության չհասավ և ստիպված էին իրանց սեփական ուժերով պատերազմել թշնամու դեմ։ Բայց երևի հայերին վիճակված չէր մի լավ օր տեսնել, որովհետև Աննա Իվանովնա կայսրուհու թագավորության ժամանակ (1732) հայտնվեցավ սարսափելի Նադիրը և Պարսկաստանում նշանավոր փոփոխություններ կատարվեցան, որոնք մեծ ազդեցություն ունեցան հայերի սկսած գործի ապարդյուն մնալու վրա:

VIII

Նադիրը [1] հայտնվեցավ այն ժամանակ, երբ որպես տեսանք վերևում, Պարսկաստանը բաժան-բաժան էր եղած և պարսից գահի վրա նստում էին օտարները։ Պարսկաստանի մի մասին տիրում էին ավղանները, մի մասը գրավել էին ռուսները, իսկ պարսկական Հայաստանը, Վրաստանը և մի քանի այլ նահանգներ օսմանցիների ձեռքումն էին։

Նադիրը հայտնվեցավ ինչպես մի կատաղի փոթորիկ, որը զորավոր ձեռքով նախ մաքրեց Պարսկաստանը ավզաններից, տիրեց Հնդկաստանի մի մասը, հետո իր սուրը դարձրեց օսմանցիների դեմ։ Նրա զարմանայի հաջողությունները նոր ուժ, նոր խրախույս ներշնչեցին Ղարաբաղի հայոց մելիքներին։ Այդ վերջինները սկսեցին իրանց սեփական ուժերով մաքրել իրանց հայրենիքը օսմանցիներից։

Այդ Ժամանակ օսմանցիների սերասկեր (գլխավոր հրամանատար) Սարի-Մուստաֆա փաշան իր գլխավոր բանակով զետեղված էր Գանձակ քաղաքում, իսկ մնացած զորքերը տարածել էր Ղարաբաղի մելիքների երկրներում։ Մելիք-Ավանը, որ բոլոր մյուս մելիքների գահերեցն էր, օգուտ քաղելով փաշայի դեպի ինքն ունեցած բարեկամական հարաբերություններից, և առերես հնազանդություն ցույց տայով, գաղտնի կերպով սարքեց մի մեծ դավադրություն։ Ղարաբաղի բոլոր մելիքները միաբանվեցան նրա հետ:

  1. Նադիրը կոչվում է և Թահմազ-Ղուլի-խան, նա սկզբում մի հասարակ ավազակապետ էր, ասպատակություններ էր գործում Խորասանի անապատներում. հետո Շահ-Թահմասի մոտ զորապետ և ապա ընդհանուր սպարապետ դարձավ, վերջը Շահ-Թահմասին սպանել տալով, ինքը թագավոր եղավ