Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտոնություններ շնորհելով Դավիթ Բեկին։ Նա ուղարկեց բեկին մի դրոշակ, մի պատվական նժույգ ձի և թագավորական ֆիրմանով հաստատեց, որ նա ժառանգաբար իր տիրած երկրների տերը և իշխանաց֊իշխանը լինի, նա իրավունք տվեց բեկին իր անունով դրամ կտրելու։ Բայց հանկարծակի մահը թույլ չտվեց այդ հերոսին երկար վայելելու իր հաղթությունների փառքը… 1728 թվին դավաճանի թույնը նրան գերեզման տարավ։ Միևնույն տարվա մեջ մեռան Ղարաբաղի երեք նշանավոր գործիչները' Մելիք֊Բեգլարյան Աբով II, Մելիք-Իսրայելյան Մելիք-Եսային և Գանձասարի Եսայի կաթողիկոսը։ Մելիք-Աբովին հաջորդեց իր որդի Մելիք-Յւսուբը, Եսայի կաթողիկոսին հաջորդեց Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսը, իսկ Մելիք-Եսայուն հաջորդեց իր եղբայր Ալլահ-Ղուլին, որ իր քաջագործությունների համար Նադիրից ստացավ սուլթանության տիտղոս և կոչվեցավ Ալլահ֊Ղուլի-սուլթան։

Նադիրը, հաջողությամբ առաջ տանելով իր արշավանքները, մի քանի տարվա մեջ հետզհետե խլեց այն բոլոր պարսկական նահանգները, որ օտարները և օսմանցիները տիրել էին (Ատրպատականը, Նախիջևանը, Երևանը, Վրաստանը, Գանձակը և այլն)։ Նրա հաղթությունները երկյուղի մեջ դրին մինչև անգամ ռուսաց կառավարությանը, որը առանց պատերազմի, Աննա Իվանովնա կայսրուհու օրերում (1732—1735), վերադարձրեց Նադիրին Պետրոս Մեծի գրաված բոլոր պարսկական գավառները (Գիլանը, Մազանդարանը, Աստրաբատը, Բաքուն և Դերբենդը)։

Իր հաղթությունները փառավոր կերպով կատարելուց հետո, 1738 թ. ձմեռը, Նադիրը բանակ դրեց Երասխ գետի մոտ, Մուղանի լայնատարած անապատում։ Այնտեղ կանչված էին Պարսկաստանի բոլոր նահանգապետները, այնտեղ էր Կախեթիայի վալին` Իմամ Ղուլի֊խանի (Դավիթ III) որդի մահմեդականացած Ալի֊Միրզա֊խանը. այնտեղ հրավիրված էր էջմիածնի Աբրահամ կաթողիկոսը[1] և Ղարաբաղի Ներսես կաթողիկոսը, այնտեղ էին

  1. Այդ Աբրահամ կաթողիկոսը, որ կոչվում էր կրիտացի, վայելում էր Նադիրի առանձին սերը և համակրությունը.: Պարսից քաջ զորապետը նրա մոտ հյուր եղավ էջմիածնի վանքում և իր արշավանքների ժամանակ, Հայաստանի և Վրաստանի կողմերում, նրան չէր հեռացնում իր բանակից: Այդ հեշտացրեց կաթողիկոսին ավելի մոտից ծանոթանալ նրա գործողությունների հետ և օրագրության ձեով թողեց մեզ մի հետաքրքիր պատմություն, որ կոչվում է «Աբրահամ կաթողիկոսի կրիտացվո պատմագրություն անցիցն յուրո և Նադիր-Շահին պարսից, տպված էջմիաձնամ 1870 թ.»